«Մեր երեխաներին ենք ուզում, մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում. ակցիա՝ ՊՆ-ի մոտ
ՀՀ պաշտպանության նախարարության մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պատերազմում անհետ կորած հարազատներ ունեն։ Նրանք նշում են, որ արդեն 40 օր գալիս են այստեղ, գնում Կարմիր խաչ իրենց երեխաների, հարազատների մասին որևէ տեղեկություն իմանալու համար։
«Ամեն օր գալիս ենք այստեղ մեկ ամիս է, 45 օր է։ Վերջին տաս օրն ասում են՝ մենք աշխատում ենք, մեզ մի խանգարեք։ Թող պատասխանեն՝ ինչ աշխատանք են կատարել, ինչ տվյալների բազա ունեն իրենց մոտ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքված մարդիկ ընդգծում են՝ 6 օր է պատերազմն ավարտվել է, դեռ որևէ տեղեկություն չունեն։
«Մեր երեխաներին ենք ուզում, մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում»,- ասացին ակցիայի մասնակիցները։
«Խի՞ ես դու եկել, 40 օր ա՝ իմ երեխան չկա: Գնա նախարարին կանչի, խուժաններ։ Ու՞ր է իմ երեխան»,- բղավում է մի կին՝ դիմելով իրենց հետ հանդիպման եկած ՊՆ աշխատակիցներին։
Անհետ կորածի մայր տիկին Նաիրան նույնպես տեղեկություն էր պահանջում իր որդու մասին։
Նրան խնդրեցին ցածր խոսել։
«Այ էդ մի նկատողությունը էլ չանեք, պարոն գնդապետ: Մյուս անգամ ոչ մի ծնողի այդ նկատողությունը չանեք... Այստեղ բոլորը որդեկորույս ծնողներ են, իրավունք ունեն բարձր խոսելու, ինչ որ տեղ էլ... », - ասաց ցուցարարներից մեկը:
«Մեր քյոռփա երեխեքի գլուխը կերան։ Երեք ամիս ծառայածին տարել են սահման պահի։ Ինչո՞ւ պետք է իմ 18 տարեկան երեխան գնար, զոհվեր, ո՞ւմ համար»,- նշում է ծնողը։
«Թող մեր երեխեքին բերեն, մեզ տան, թող բերեն, տանենք, հուղարկավորնեք։ Մենք մեր երեխեքին ենք խնդրում»,- արտասվելով ասում է անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։
Անհետ կորած զինծառայողի հայրն ասաց, որ պետք է պետական մարմինները աշխատեն արդյունավետ, արագ կողմնորոշվեն, օգնության շուտ հասնեն, որովհետև կան նաև վիրավորներ։ Նա նշում է, որ պետք է հրամանատարներին կանչեն, պարզեն, թե ինչ առաջադրանք են ստացել, որ ուղղությամբ են տարել զորքը։
«Մենք կենդանի տվել են 18-19-20 տարեկան երեխաների։ Եթե զոհվել են, ո՞ւր են դիերը, եթե վիրավոր են, ո՞ր հիվանդանոցներում են։ Պատասխանեք այդ հարցերին։
Եթե ղեկավարներն իրենց տեղերում են, խնդրում եմ, պահանջում եմ, աշխատեք, արդյունք ցույց տվեք։ Մենք էլ պատրաստ ենք ձեր հետ գնանք այդ հատվածները, որովհետև թիվը մեծ է, իրենց ուժերը չեն հարիքի։
Պատրաստ ենք որպես ծնողներ գնանք, իրենց հետ մասնակցենք, օգնության ձեռք ենք մեկնում։
Մենք երեխա ենք տվել, ոչ թե իր, որ պահանջում ենք, ասում են՝ կորել է։ Ոչ մեկ չէր կարող անհետանալ այդ տարածքներից»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում