Այս պահին ի վիճակի չենք մտնել Ջաբրայիլ, Ֆիզուլի, Կուբաթլու, մեզ համար անհասանելի տարածքներ են. ՊՆ ներկայացուցիչ
«Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել։ Որոնողական գործողություններ են կատարվում, պարեբերաբար տվյալներ են ուղարկվում Կարմիր խաչ, Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումներ»,- լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է դարձել անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այն վայրերում, որոնք թշնամու վերահսկողության ներքո են, քանի որ մեծ մասամբ փնտրվող զինծառայողները Հադրութից և Ջաբրայիլից են, Վ.Ոսկանյանը պատասխանեց. «Ոչ միայն այդ հատվածներում են, մեկ ստորաբաժանում կա Մարտունիի ուղղությամբ, որը խոշոր խնդիրներից է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստակամ են: Մենք հիմա սպասում ենք հակառակորդ կողմից պատասխան:
Այս պահի դրությամբ այդ տարածքները մեզ համար անհասանելի են, Հայաստանի զորքերի համար անհասանելի են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, հիմա բանակցում է Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որ նաև մենք պատրաստակամություն ենք հայտնել, անձամբ ես ինքս պատրաստ եմ մտնել այդ տարածքը, եթե հակառակորդը թույլ տա, հասնենք Ջաբրայիլ:
Այն տարածքները, որոնք մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք մտնել, հանձինս Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի: Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են, որ միջանկյալ հատվածներում միգուցե կարողանանք հետները մտնել, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ողջ անձինք ունենանք անտառներում, նույնիսկ այն տարբերակները, որոնք հավանական չեն, մենք աշխատում ենք այդ տարբերակների վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյան. Արվում է ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
- «Մեր երեխաներին ենք ուզում, մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում. ակցիա՝ ՊՆ-ի մոտ
- Պատերազմի ընթացքում զոհվել է 28, վիրավորվել 150 ոստիկան, անհետ կորած է համարվում 43 ծառայող