Հետո՞ ինչ, որ խաղաղապահ զորք կա. նա չի հսկում ամեն ընտանիքի անվտանգությունը. արցախցի կին
Հադրութցիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահական նստավայրի մոտ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են հնչեցնում և պահանջում Հադրութի դեօկուպացիա։
«Վերադարձրե՛ք Հադրութը»,- պահանջում են նրանք։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք շարունակում են իրենց մտահոգությունը հայտնել՝ ամոթալի պայմանագրի շուրջ, և այժմ ցանկանում են նամակ ներկայացնել ՀՀ նախագահին. նամակում ընդամենը չորս պահանջ կա։
«Առաջին, մենք պահանջում ենք 1. քննության առնել Հադրութի դեօկուպացիայի խնդիրը, 2. ջանքեր գործադրել, որպեսզի խնդրի լուծումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, և անպայման բոլոր նախագահների մասնակցությամբ խնդրի հանգուցալուծում տեղի ունենա, 3. սկսել իրավական գործընթաց՝ տեղահանվածների իրավունքները վերականգնելու և նրանց որոշակի փոխհատուցումներ տրամադրելու համար և 4. մինչ այդ ամենի տեղի ունենալն այս ընթացքում անպայման ջանքեր գործադրել Հադրութի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանելու իմաստով»,- ներկայացրեց ակցիայի մասնակիցը։
Մեկ այլ արցախցի նշեց, որ իրենք իրենց տների դռներն անգամ գիշերը չեն կողպել, երեխաները միշտ ազատ խաղացել են բակերում, իսկ այժմ իրենք չեն կարող ազատ ու անվախ ապրել իրենց Արցախում.
«Հետո՞ ինչ, որ այնտեղ խաղաղապահ զորք կա, նա ոչինչ չի որոշում, չի հսկում ամեն ընտանիքի անվտանգությունը։ Այդ խայտառակ փաստաթղթից հետո ես ոչ Հայաստանի ոչ էլ Արցախի ղեկավարներին չեմ համարում ղեկավար, նրանք պարզապես չեն կարող մեզ համար ղեկավար լինել։ Մեզ ասում են՝ վերադարձեք Արցախ, բայց երեկ Ստեփանակերտ-Մարտունի հատվածից չորս հոգու գերի են վերցրել։ Արայիկ Հարությունյանը կաբինետից կոչ է անում՝ վերադառնալ Արցախ, բայց պետք է ապահովել բոլորի անվտանգությունը...։ Այն պահին, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքը գտնվում է Շուշիում, նույն պահին ես զանգեցի դիրքերում գտնվող իմ հարազատին, ինքն ասում է՝ մենք Շուշիում ենք։ Ես ինչպե՞ս հավատամ Արայիկ Հարությունյանին»։
Ակիցայի մասնակիցը վստահեցրեց՝ այսօր կռվողները եկել և ասում են, որ Շուշին հանձնել են, այնտեղ առ այսօր ադրբեջանական զորք չի մտել։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը
- «Ինքը հադրութցի է, զոհվածի մայր, իր տղու սաղ արածը ջուրն ընկավ»