Պաթոսով չեմ խոսի. հորդորում եմ քվեարկություն կատարելիս հիմք ընդունել աստվածաշնչյան դրույթները. Պետրոսյան
«Հակառակ այն մտայնության, որ ես պետք է պաթոսով խոսեմ, որ մի քանի մարդ էլ հակադարձի, անակնկալ պիտի մատուցեմ։ Ժողովուրդ, մեր մեջ մարդ չկա, որ էս պատերազմից տուժած չունենա։ Մենք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է հասկանանք ու գնահատենք մեր գերակայությունները»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նշենք, որ նախքան ամբիոնին մոտենալը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ ոչ ոք պարտավոր չի վտանգել իր առողջությունը, քանի որ Գևորգ Պետրոսյանը դիմակով չէ. «Ինչո՞ւ դիմակ չեք կրում»։ Ի պատասխան Պետրոսյանը նշեց. «Դուք էլ սոցիալական հեռավորություն պահեք»։
Պատգամավորը չհերքեց, որ այսօրվա նիստերի օրակարգում քննարկվելիք բյուջեի նախագիծը շատ կարևոր հարց է, բայց այսօր երկրի գլխավոր խնդիրը դա չէ։
«Հասկանո՞ւմ եք, մեզ հիմա հետևում են, պիտի ասեն՝ հլը էս մարդիկ իրենց կորուստները թողած ինչով են զբաղված։ Եկեք զբաղվենք դրանով։ Ես չեմ ուզում հիմա նսեմացնել, կամ ցեխ շպրտել, բայց երկու բան ասեմ։ Տեսեք, վարչապետի ելույթը, ասում է՝ ուշ կամ շուտ, դա բովանդակային չի։ Ո՞նց բովանդակային չի, այսինքն՝ 4000-ից ավելի զոհերի հարցը բովանդակային չի՞։ Սա ի՞նչ է նշանակում։ Ինքը, գուցե, շատ լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց նա պետական կառավարիչ չի, դուք էլ եք դա լավ հասկանում, ձեր ցավը տանեմ։Ո՞նց ասենք, էլ։
Դուք ունեք ձեր քաղաքական շահերը, բայց հասկացեք, խնդրում եմ, այստեղ քաղաքական շահերի մրցակցության խնդիր չկա, այստեղ հայրենիքը պահելու խնդիր կա։ Ամեն մարդ թող իր խղճով քվեարկի, մենք մեր խղճով ենք քվեարկելու։ Հորդորում եմ քվեարկություն կատարելիս հիմք ընդունել աստվածաշնչյան դրույթները»,- շեշտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դու, ղեկավա՛ր, չէիր տիրապետում՝ ինչ է լինելու, ինչո՞ւ պետք է այս զոհերը լինեին. Մելքումյան
- Զոհրաբյան. Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը