Լավրով․ Հուսով ենք, ՄԱԿ-ի կառույցները կմիանան Լեռնային Ղարաբաղում տարվող աշխատանքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կարող է կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԿԽՄԿ-ի ղեկավար Պիտեր Մաուրերի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։
«Մենք կարծում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բավականին ընդունակ է կարևոր և ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մարդասիրական հետևանքները հաղթահարելու գործում»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունը հրադադարի մասին նոր հնարավորություններ է բացում ԿԽՄԿ գործունեության համար, որը ներկա է և Հայաստանում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում։
«Հույս ունենք, որ մարդասիրական մյուս՝ նախ և առաջ ՄԱԿ-ի կառույցները կմիանան: Նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում շատ սուր է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Եվ այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է դերը խաղալ»,- ասել է Լավրովը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների, Հայաստանի, Ադրբեջանի շահերից է բխում այնտեղ ունենալ ակտիվ ու լայն միջազգային ներկայություն։
Ավելի վաղ ԿԽՄԿ ղեկավարն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում կոմիտեի գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, զոհվածների մարմինները վերադարձնելը, ինչպես նաև գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին և փոխանակմանը պատրաստվելու համար: