Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի. Կապառոս
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, քանի որ մի ամբողջ ազգ սպասում է մեր հանդիպմանը»,- ՀՖՖ հաղորդմամբ՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ կայացած նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշել է, որ ունենք ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց երբ հագնում են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ տանում են շատ մեծ ծավալի աշխատանք։
«Հուսանք, որ մարզական բախտը վաղը կլինի մեզ հետ, և կփորձենք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է գլխավոր մարզիչը։
Կիսապաշտպան Արտակ Գրիգորյանն ասել է, որ տրամադրությունը շատ բարձր է, քանի որ շատ կարևոր հաղթանակ են տարել Վրաստանի հավաքականի նկատմամբ. «Վաղը նույնպես բարձր տրամարդությամբ դուրս ենք գալու խաղադաշտ և շատ կարևոր խաղում փորձելու ենք հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին»։
Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում կայանալու է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։