ՀԱՊԿ երկրները ընդլայնում են համագործակցությունը՝ ահաբեկիչ-զինյալների ներթափանցման դեմ պայքարում․ Պատրուշև
ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներն աջակցել են համագործակցության ընդլայնմանը՝ իրենց տարածք օտարերկրյա զինյալների ներթափանցման դեմ պայքարում: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպումից հետո, գրում է Tass-ը։
«Մենք կողմ ենք արտահայտվել համագործակցության ընդլայնմանը՝ կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներթափանցումը ՀԱՊԿ երկրների տարածք։ Այդ նպատակով մշակվել են լրացուցիչ միջոցառումներ` հակաահաբեկչական ուղղությամբ իրավասու մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար», - ասել է Պատրուշևը։
Նրա խոսքով, վիդեոկոնֆերանսի ռեժիմով անցկացված հանդիպմանը նրա մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ երկրների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակի և դրանց չեզոքացման միջոցառումների վերաբերյալ:
«Նշել ենք հետագա քայլերը, որոնք ուղղված են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին», - շեշտել է Պատրուշևը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, հանդիպման մասնակիցները հայտարարել են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ հիմքերով ահաբեկչության դեմ պայքարում հետագա կառուցողական համագործակցության պատրաստակամության մասին: