Ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի օրակարգով արտահերթ նիստի գումարումը տապալվում է
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ այսօր գումարվելու է ատահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի օրակարգով: Սակայն արտահերթ նիստ կայանալու համար անհրաժեշտ է, որ այդ հարցը քննարկվի ԱԺ խորհրդի նիստում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով, քանի որ նիստին ներկա չեն եղել իշխանական խմբակցության անդամները։ Արդյունքում այսօր արտահերթ նիստ չի լինելու:
Վերջինս հույս հայտնեց, որ կես ժամից նախատեսված խորհրդի հերթական նիստը կգումարվի, հակառակ դեպքում այն կնշանակի, որ «Իմ քայլը» խմբակցությունը վախենում է ժողովրդից:
Պատգամավորը կոչ արեց ժամը 18:00-ին գումարել խորհրդի նիստ, այլապես համաժողովրդական ցասումի ալիքն անկասելի է լինելու: