Վարչապետը լավ գիտի, երբ իր հրաժարականը կտա. Վարդան Աթաբեկյան
«Երբ որ իմ հրապարակումը եղել է, ինձ զանգել են խմբակցության պատգամավորները, խոսել ենք, պատճառները ասել եմ, իրենց համար ինչ-որ չափով ընկալելի է եղել»,- ԱԺ-ում հայտնեց Վարդան Աթաբեկյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից դուրս գալու վերաբերյալ իշխանական խմբակցությունում կատարվող խմորումների վերաբերյալ հարցին և բացառեց այն պնդումները, թե ընդդիմությունից են իրեն հորդորել գնալ նման քայլի:
Խմբակցությունից դուրս գալու մասին Վարդան Աթաբեկյանի գրառումից հետո հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը գնացել էին նրա առանձնատուն:
Լրագրողների հետ զրույցում Աթաբեկյանը նշեց, որ մինչև հիմա նրանց գնալու նպատակն ինքը չգիտի, ենթադրում է, որ հենց այդ լուրը ճշտելու համար են եկել: «Ով ինձ ճանաչում է, լավ գիտի, որ իմ տան վրա այդպես գալը բացարձակապես անընդունելի է»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը և գործընկերներին կոչ արեց ծածկադմփոցից դուրս գան և հստակ պատասխանեն, թե ինչու են եկել իր տուն:
Պատգամավորը հայտնեց, որ իր գործընկերները դեռ իր հետ կապ չեն հաստատել, չնայած արդեն երկու օր է անցել: Նա պնդեց, որ ոչ մեկ չի փորձել իր հետ խոսել, քանի որ գիտեն՝ եթե որոշում է ընդունել, ուրեմն պատճառաբանված է:
Աթաբեկյանը հայտնեց, որ այդ օրը դիմել է իրավապահներին, քանի որ չի իմացել, թե իր տան վրա ով է եկել և ինչ է կատարվում, երբ 5 մեքենայով գիշերը գալիս են ու թակում դուռը: Նրա խոսքով, իրավապահները հասել են տան մոտ և իր եղբորն ասել են, որ դուռն արագ բացի, որից հետո նոր տեսել են, որ դարպասի դիմաց իրեն ծանոթ մարդիկ են:
Անդադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին՝ Աթաբեկյանը հայտնեց, որ վարչապետը լավ գիտի երբ իր հրաժարականը տա: Ըստ պատգամավորի, հիմա սուգ է և ընտրությունների ժամանակը չէ, իսկ ժողովրդի պահանջը պետք է հասնի իր գագաթնակետին:
«Այդ գագաթնակետին, որ հասնի, ես վստահ եմ, որ ոչ մեկը դրան չի դիմադրի»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը:
Պատասխանելով այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանի միջոցով պատգամավոր է դարձել, ինչո՞ւ չի դրել մանդատը՝ Աթաբեկյանը նկատեց, որ 2015 թվականից այդ կուսակցության հետ պայքարել է, որի շնորհիվ ցուցակում տեղ է ունեցել:
Պատգամավորի խոսքով, ինքը ժողովրդի առաջ պատասխանատվություն ունի և ոչ մեկը չի կարող ասել, որ ինչ -որ մի մարդու շնորհիվ է ընտրվել:
«Նման բան կարող են ասել այն մարդուն, ով «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չի ունեցել և նրան ընդգրկել են ցուցակում»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան