Հորդորեք պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ. Գևորգ Գորգիսյան
«Ես ուղղակի խնդրում եմ ինքներդ ձեր մեջ գտեք այդ ուժը՝ վերցնելու պատասխանատվությունը և հորդորելու պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ»,-ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և հավելեց, որ հակառակ դեպքում որևէ կերպ հնարավոր չի լինի այս ամենից հաղթական դուրս գալու:
Ըստ պատգամավորի, մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, երբ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ մինչև հաջորդ պատերազմ:
Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ մարտահրավերներին դիմակայելու համար պետությունը պետք է առաջ քայլի ուղիղ մեջքով, իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը իր վրա վերցնի պարտության պատասխանատվությունը և չփորձի այն գցել հանրության, բանակի, քաղաքացիների, կամավորների վրա:
«Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը մեղավոր են բացի իշխանություններից, կառավարությունից, ապա մենք փչացնում ենք այն վերջին հույսն էլ, որ մեր երկիրը կարող է դեռ ոտքի կանգնել»,- հայտարարեց Գորգիսյանը:
Պատգամավորը նկատեց, որ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա պահվածքը հիշեցնում է Հանրապետական կուսակցության պահվածքը, երբ հեղափոխության ժամանակ ԱԺ շենքի դիմաց ցույցեր էին, բայց իրենք էլ լուրջ դեմքով ԱԺ-ում ինչ-որ հարցեր էին քննարկում՝ չտիրապետելով իրավիճակին, չհասկանալով, որ հողը ոտքի տակից գնացել է:
«Հանրությունը պատրաստ չէ տեսնել և ընդունել պարտված ղեկավարությանը»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: