Իրավական գործընթաց կսկսենք. Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան Լենա Նազարյանի հայտարարության
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրավական գործընթաց են սկսելու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ։
«Սուտ է, երբ որ ԱԺ փոխնախագահը, ի դեպ, կին է, ստում է ու ասում, որ ԲՀԿ-ական պատգամավորները մասնակցել են հայտարարության ստորագրման օրը տեղի ունեցած խժդժություններին։ Մենք կսկսենք իրավական գործընթաց»,- ասաց նա։
Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հղում է անում կառավարության անվտանգության աշխատակցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարներին, որոնց հավաստմամբ, հայտարարության ստորագրման օրը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, որը նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել է այն մարդկանց խմբում, որոնք ներս են խուժել կառավարության շենք, ջարդուփշուր արել այնտեղի գույքը։
«Նման վարքը բացարձակ ոչ մի աղերս չունի բողոքի, վշտի արտահայտման, քաղաքականության հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ճեպազրույցում նույնպես նշեց, որ Գագիկ Ծառուկյանի պատգամավոր փեսան, նաև մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը, հայտարարության ստորագրման օրը առանց համարանիշների թանկարժեք մեքենաներով գալիս են կառավարության մոտ, իրենց հետ բերում են մարդիկ, որոնք կառավարությունում քրեորեն հետապնդելի արարքներ են անում։
«Որոշ հոլովակներում նկատել եմ նրանց։ Որևէ բան չեն ջարդում, ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- ասաց նա։