Թե համավարկը, թե ռազմական դրությունը տեղավորվում են բյուջեի սահուն կոնսոլիդացիայի մեջ. ԿԲ նախագահ
«2021 թվականին, ըստ մեր կանխատեսումների, շարունակվելու է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունների չեզոքացումը, ինչպես նաև արտաքին և ներքին պահանջարկի վերականգնումը»,- այսօր խորհրդարանում «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի 3.2% աճ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի աճերով՝ տնտեսության բոլոր ճյուղերում։
«Գնահատվում է, որ համախառն պահանջարկը 2020 թվականի համեմատ կդրսևորի վերականգնման միտումներ՝ պայմանավորված թե՛ ներքին սպառման և թե՛ ներդրումային ծախսերի աճով։ 2020 թվականի ընդլայնվող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով։ Հարկ է նշել, որ ինչպես համավարակի և ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտարկվի ներուժային ՀՆԱ-ի որոշակի կորուստ։ Հետևաբար 2021 թվականի համար չափազանց կարևորում ենք ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ապահովումը»,- նշեց ԿԲ նախագահը։
Ըստ Մարտին Գալստյանի, 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա. «Նշված կարգավորման ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվում է 1.7 տոկոսային կետով։ Ուզում եմ շեշտադրել, որ սահուն կոնսոլիդացիան, չնայած պարտքի 60% սահմանային մակարդակը գերազանցելուն, բյուջետային համակարգի կանոններից շեղում չէ։ Թե՛ համավարկը, թե՛ ռազմական դրությունը տեղավորվում են բյուջեի սահուն կոնսոլիդացիայի մեջ»։
Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա, ըստ ԿԲ նախագահի, առաջին երեք եռամսյակներում տնտեսական զարգացումը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով արտակարգ դրության պահպանմամբ և դրա ներքո ընդունված տնտեսական սահմանափակումներով։
«Հետագայում սրան ավելացավ նաև ռազմական դրությունը, որն ավելացրեց անորոշությունները։ Այս պայմաններում ձևավորված տնտեսական խորը անկմանը նպաստել են և՛ առաջարկի և՛ պահանջարկի գործոնները։ Ընդ որում, պահանջարկի նվազումն արտահայտվել է ընդհանուր, մասնավոր ծախսումների զգալի կրճատմամբ, որը որոշակիորեն մեղմվել է 2020 թվականի մարտին, երբ ՀՀ Կառավարության կողմից պետական աջակցության ծրագրեր են իրականացվել։
Նման պայմաններում տարվա ընթացքում վարվող հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնող ազդեցությունը դրսևորվել է ինչպես հարկերի, այնպես էլ պետական ծախսումների մասով, ինչն արտահայտվել է ՀՀ պետական բյուջեի պակասուրդի, և պետական պարտքի զգալի ավելացմամբ»,- նշեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը նաև որոշակի թվային տվյալներ ներկայացրեց։ Այսպես, տարվա սկզբում սպասվում էր բյուջեի 2.3% պակասուրդ, և միայն համավարակով պայմանավորված, սեպտեմբերին սպասվում էր 6.1% պակասուրդ։ Ներկայումս արդեն գնահատվում է, որ տարեվերջին պակասուրդը կկազմի 7.1%:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար
- 2020 թ-ի ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին