Ալիևն անարդար է որակել Հոլանդիայի խորհրդարանի ընդունած պատժամիջոցներն իր ու կնոջ նկատմամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհավասարակշիռ և անարդար է որակել Հոլանդիայի խորհրդարանի կողմից իր և իր կնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ: Այս մասին գրում է interfax-ը։
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները նաև կոչ են անում ԵՄ-ին՝ հայտարարել Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:
«Նիդերլանդների խորհրդարանը, ցավոք, որոշում կայացրեց Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին: Իմ օգնականն ասաց, որ քննարկումների ընթացքում Հոլանդիայի արտգործնախարարը հանդես է եկել ավելի հավասարակշռված մոտեցմամբ: Բայց խորհրդարանն այդպիսի անհավասարակշիռ և անարդար որոշում կայացրեց, և սա, իհարկե, չի նպաստի մեր երկրների սերտ հարաբերություններին», - ասել է Ալիևը՝ ընդունելով Բաքվում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Պաուլին Էյզեմային:
Ալիևն ասել է, որ այս որոշումը դժվար թե ազդի ներկա իրավիճակի վրա, հավելել, որ Ադրբեջանը սպասում է մեկնաբանությունների Նիդերլանդների կառավարության, արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի կողմից:
Էյզեման պատասխանել է, որ Հոլանդիայի կառավարության դիրքորոշումը միշտ չէ, որ համընկնում է երկրի խորհրդարանի դիրքորոշման հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան