250 մահճակալանոց ևս մեկ նոր վերականգնողական մեծ կենտրոն է պետք վիրավորների համար. Արսեն Թորոսյան
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք՝ 0-ից սկսվող մոտավորապես 250 մահճակալանոց մեկ վերականգնողական մեծ կենտրոնի մասին է խոսքը»,- ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների վերականգնողական խնդիրների լուծման վերաբերյալ պատգամավոր Համազասպ Դանիելյանի բարձրացրած հարցին:
Ըստ Թորոսյանի, նոր կենտրոնի ստեղծմանը աջակցություն կարող են ցուցաբերել բժշկական ուղղվածության սփյուռքի և միջազգային այլ կազմակերպությունները: Նախարարը հավաստիացրեց, որ դրա համար նախապատրաստել են ցանկությունների նկարագիրը և շրջանառելու են դեսպանատներով, սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակով և նախարարության ուղիղ կապերով:
Նախարարը հայտնեց, որ օգտագործվելու են նաև եղած հզորությունները, որոնց մի մասն այնքան էլ լավ վիճակում չեն և կարիք ունեն արդիականացման՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմանների բարելավումը:
Նկատելով, որ վերականգնողական հզորությունների մշտական աջակցության խնդիրը լուծվելու է պետական պատվերներով գնումներ իրականացնելու միջոցով՝ Արսեն Թորոսյանը հայտնեց. «Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հզորությունների շարունակական աջակցությունը պետական բյուջեի վրա կարող է հավելյալ նստել 2-2.5 մլրդ դրամ, որը վերջնական չե և ներառված չէ բյուջեի նախագծի մեջ»:
Նախարարի խոսքով, այդ գումարը կբավարարի միջինում տարեկան երկու ստացիոնար վերականգնողական կուրս կազմակերպելու համար:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրենց ուշադրության կենտրոնում հենց վերականգնողական բուժօգնության խնդիրներն են:
Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ պրոթեզների կարքների գնահատում նույնպես կարվի և միջոցներ կձեռնարկվի, որպեսզի ոչ մեկն չմնա առանց այդ բժշկական օգնության: