Moderna-ի պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են. ԱՀԿ տնօրեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ կորոնավիրուսի մարտահրավերը ոչ թե ընտրությունն է կյանքի և ապրուստի միջոցների միջև, այլ որ երկուսն էլ նույն պայքարի մի մասն են: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Կորոնավիրուսին դիմակայելու գործում հանգստանալու ժամանակ չկա՝ չնայած հնարավոր պատվաստանյութերի մասին դրական լուրերին:
«Տնտեսություններ բացելու ամենաարագ ճանապարհը վիրուսը հաղթահարելն է», -ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
Հիշեցնենք, Moderna-ն նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ իր փորձնական պատվաստանյութը 94,5% արդյունավետ է վերջին փուլում անցկացված փորձարկումների միջանկյալ տվյալների հիման վրա: Այն ԱՄՆ-ի երկրորդ դեղագործական ընկերությունն է, որը հայտնում է արդյունքների մասին: Նախորդ շաբաթ Pfizer ընկերությունը հայտարարել էր, որ իր պատվաստանյութը նույնպես ավելի քան 90%-ով արդյունավետ է:
ԱՀԿ նախագահը հայտնել է, որ G20-ի առաջնորդները կհանդիպեն այս հանգստյան օրերին` նրանց հնարավորություն տալով ֆինանսապես և քաղաքականորեն հավատարիմ մնալ COVAX գլոբալ հաստատությանը, որը ստեղծվել է COVID-19 պատվաստանյութերն ավելի աղքատ երկրներին տրամադրելու համար:
Մի քանի ընկերություններ իրենց պատվաստանյութերի թեկնածուների մասով հեռանկարային արդյունքներ են հրապարակել, բայց ԱՀԿ նախագահը նախազգուշացրել է, որ մարդիկ չպետք է բավարարվեն դրանով:
«Այս պահին մեզ ծայրաստիճան անհանգստացնում է COVID-19 դեպքերի աճը, որը մենք տեսնում ենք որոշ երկրներում», -ասաց Թեդրոսը՝ ավելացնելով. «Մասնավորապես Եվրոպայում և Ամերիկայում առողջապահական ոլորտի աշխատողները և առողջապահական համակարգերը բեկումնային կետի են հասել»:
Ըստ Reuters-ի տվյալների ՝ ավելի քան 54,44 միլիոն մարդ աշխարհում վարակվել է կորոնավիրուսով, 1,318,042 մարդ մահացել է:
Անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանում առաջին դեպքերի հայտնաբերման պահից ի վեր վարակը գրանցվել է ավելի քան 210 երկրներում:
ԱՀԿ պատվաստումների ղեկավար Քեյթ Օ'Բրայանն ասել է, որ կազմակերպությունը ուսումնասիրում է պատվաստանյութերի առաքման դյուրինությունը և պահանջվող չափաբաժինների քանակը:
ԱՀԿ գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն ասել է, որ Moderna պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են, և ինքն ակնկալում է, որ COVID-19 պատվաստանյութի սահմանափակ չափաբաժիններ հասանելի կլինեն 2021 թվականի առաջին կեսին:
ԱՀԿ ղեկավարը կարանտինից վերադարձել է նոյեմբերի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան