Անհայտ կորածների ցուցակն այս պահին նվազման միտում ունի. նախարար
«Բավականին մեծ թվով անհայտ կորածներ ունենք, և ցավոք սրտի, շատ դեպքերում այդ մարդիկ ընտանիքի միակ կերակրողներն են։ Այստեղ ուզում եմ խոսել այդ ընտանիքիների սոցիալական երաշխիքների մասին։ Փաստացի, մինչ կարգավիճակի ճշտումը, այս ընտանիքները սոցիալապես խոցելի են դառնում, և ինչպես դուք գիտեք, նաև կյանքի և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի շահառու դառնալու գործընթացն է բավականին երկար՝ կապված հենց անհայտ կորած ճանաչվելու հետ»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Պատգամավորի դիտարկմանն արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ինչպես գիտեք, ՊՆ-ում ստեղծվել է հանձնաժողով, որը աշխատում է ԿԽՄԿ-ի հետ, ինչպես նաև այսօր ՌԴ-ի խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև ճշգրտման առումով։ Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, քանի որ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ են դեպքերը, երբ ողջ-առողջ մարդիկ են հայտնվում անհայտ կորածների ցուցակներում։ Ուղղակի հաշվառման առումով են սխալներ եղել»,- նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց նաև, որ բավականին շատ քրեական գործեր կան հարուցված, և համապատասխան կառույցները չեն հասցնում համապատասխան կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել մեզ.
«Ամեն ինչ ընթացքում է, մեր ուշադրության ներքո»։
Նազելի Բաղդասարյանն էլ նշեց՝ եթե դատական կարգով պետք է անհայտ կորած ճանաչեն անձին, ապա, իր կարծիքով, պետք է այդ գործընթացի ժամկետների կրճատում լինի։
«Արդյո՞ք ՊՆ-ի համար սա ընդունելի տարբերակ է»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց, որ ժամկետների փոփոխման առումով այս պահին որևէ կոնկրետ բան չի կարող ասել.
«Բայց ամեն ինչ արվելու է, որպեսզի կորուստներ ունեցող ընտանիքները շատ արագ ունենան պետական, ինչպես նաև հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Սոթքի ոսկու հանքին
- Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը. ընդդիմությունը չի մասնակցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան