Հայաստանի քաղաքական դաշտում Փաշինյանն այլևս անելիք չունի. Գորգիսյան
«Երես ունենալ ու շարունակել մնալ քաղաքականության մեջ. ես զարմացած եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին։
Պատգամավորի խոսքով, վարչապետը ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, և ինքը կկարողանա մնալ իշխանության։
«Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, Հայաստանի քաղաքական դաշտում նա այլևս անելիք չունի։ Նա պիտի օր առաջ հեռանա, և այդտեղ կարող է լինել հույս, որ մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ կարծիքներ կան՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց վերլուծություններ կան, որ եթե այս շրջանում հեռանա՝ առանց կայունություն ապահովելու, ապա ընտրություններ չեն լինի, Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ հիմա բացառված են ընտրությունները։
«Մենք անցնցում հեռանալու եղանակը ներկայացրել ենք, ԱԺ-ն վարչապետին անվստահություն է հայտնում, նոր թեկնածու է առաջադրում, իսկ Փաշինյանը հեռանում է։ Նոր վարչապետն էլ գալիս ու ձևավորում է ազգային համաձայնության կառավարություն, որը բաղկացած է լինելու միմիայն ոլորտային պրոֆեսիոնալներից. արդեն կուսակցական պատկանելությունը կարևոր չի լինի։ Այսինքն՝ մեր առաջարկած տարբերակում ցնցումներ չկան, նոր ձևավորվող կառավարությունում կուսակցականությունը պետք է դեր չունենա։ Պետք է ոլորտները ոտքի կանգնեցնող մարդիկ լինեն, որ կկազմեն ժամանակավոր կառավարություն»,- մեկնաբանեց պատգամավորը։
Ըստ նրա, այս փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսել պետք չէ, քանի որ այդ դեպքում կընտրվի նա, ով ավելի շատ է զինված, և կստեղծվի իննսունականների պատկերը, երբ մարդկանց էին առևանգում, քվեատուփեր գողանում.
«Մենք դա մեզ թույլ տալ չենք կարող, քանի որ դա կլինի ՀՀ-ի վերջը»։
Դիտարկմանը, որ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ ԱԺ ամբիոնից ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը դրեց բանակի վրա, Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ դա պատասխանատվությունից փախչելու հերթական փորձ է։
«Մենք գիտենք, որ ռազմական դրության ամբողջ ընթացքում Փաշինյանն ասել է՝ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը։ Իսկ դա նշանակում է, որ ողջ պատասխանատվությունը կրում է ինքը։ Իսկ այն, որ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հեռահար պատերազմի մեջ է պաշտպանության նախարարի հետ, խոսում է պետական ապարատում գործող տոտալ քաոսի մասին»,- շեշտեց պատգամավորը։
Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա անելիքների մասին արդեն իսկ քննարկումներ են իրականացվում խմբակցությունում, որտեղ մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ առաջընթացի համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած հեռանալու ու հրաժարականի մասին կոչերին՝ Փաշինյանը մտադիր է «գործել»
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դուք կարծում էիք Նիկոլ Փաշինյանը միայն Արցա՞խն է ծախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան