Նախատեսվում է Դդմաշենից մինչև Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գիծ կառուցել
«Այս վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Դդմաշենից մինչև Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գիծ։ Դրա համար Դդմաշենում 400-220 կիլովոլտ լարման ենթակայան պետք է կառուցվի»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ ներկայացնելով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց առաջին, Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման և հետվճարման փոխված ժամանակացույցի վավերացման մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, ներկայացված նախագիծը վերաբերում է վարկային համաձայնագրի մի մասին.
«Հայաստան-Վրաստան էլեկտրական զուգահեռ կապի վարկային համաձայնագրի արժողությունը 75 մլն եվրո է։ Եվ սրա մասին է ներկայացված նախագիծը»։
Բացի այդ, ՏԿԵ փոխնախարարի խոսքով, Այրումում՝ Հայաստան-Վրաստան սահմանին, նախատեսվում է կառուցել փոխակերպիչ կայան, որը Հայաստանի էներգահամակարգին հնարավորություն կտա միաժամանակ զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի և՛ թե Ռուսաստանի հետ։
«Ծրագրի կարևորությունն այն է, որ սա առաջին հերթին անվտանգային հարց է լուծում, մեր էներգահամակարգը այս պահին սինքրոն կապով միացած է միայն Իրանին, և ցանկացած ցնցում Իրանի և Հայաստանի էներգահամակարգի կապերի միջև կբերի ծանր հետևանքների։ Բացի այդ, սա հնարավորություն կտա ազատականացնել շուկան։ Հատկապես, որ մենք պարտավորություն ունենք 2025-ին ինտեգրվելու ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկային, իսկ առանց այս ծրագրի իրականացման դա չի կարող լինել»,- ներկայացրեց Հակոբ Վարդանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այժմ կառուցվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է Դդմաշենի ենթակայանի կառուցված լինելը.
«Բացի այդ, մենք ունենք նաև խիստ ժամկետներ, մինչև նոյեմբերի 30-ը ծրագրի մասհանումները չերկարացնելու դեպքում, KFW բանկի կողմից կունենք առաջադրված տուգանք՝ 16 մլն եվրոյի չափով»։
Ծրագրի ամբողջ արժեքը, Հակոբ Վարդանյանի խոսքով, 188,2 մլն եվրո է։
Անվտանգության տեսանկյունից կարևորելով նախագծի ընդունումը՝ խորհրդարանը 71 կողմ ձայնով վավերացրեց վերոնշյալ համաձայնագիրը:
Այսպիսով, ԱԺ հերթական նիստն ավարտվեց։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ այսօր 16.30-ին խորհրդարանում լինելու է Կառավարության հետ հարց ու պատասխան։