Այսօր Ալիևը ծիծաղում է բոլորիս վրա, թեև 30 տարի բանակցություններին կախ գլխով է եկել. Յահյան
Մայրաքաղաք Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները։
Խանջյան փողոցում իրավիճակը լարված է։ Մի կողմից ոստիկաններն են ցանկանում ճանապարհից հեռացնել քաղաքացիներին, մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են միջամտում և սկսում պաշտպանել վարչապետին։
Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Փաշինյանի աջակցին նշեց.
«Եկել Նիկոլի գովքն եք անում, տարեք գիշերը ձեր տանը պահեք ձեր Նիկոլին։ Էդ խուլիգանին, թուրքի տականքին»։
«Միացիր» շարժման անդամ Սամվել Յահյանը նույնպես մասնակցում է անհնազանդության ակցիաներին։
«Ցավն այն է, որ մենք ստիպված ենք բողոքի ակցիա անել։ Այսօր մենք կորցրել ենք հայրենիք, երեկ էլ տեսաք, որ Մարտակերտի յոթ գյուղ է հանձնվում Ադրբեջանին, իսկ դա չի եղել նախնական պայմանավորվածության մեջ։ Մենք այսօր կորցրել ենք այն, ինչի համար 1992-ից մինչ օրս ունեցել ենք 12 հազար զոհ։ Մեր համար ցավ է կորցնել Արցախը, Շուշին։ Այսօր փաստացի ունենք կապիտուլյացիոն պայմանագիր, և պարտված պետություն։ Այս պայմաններում ոչ մի դեպքում երկրի նման ղեկավարն իրավունք չունի նստել աթոռին։ Թող բոլորը հիշեն Հիտլերին..., Մազմանյանին, որ Կարսը հանձնելուց իրեն գնդակահարեց։ Չէր կարելի մեր թափած արյունը, Եռաբլուրը մեկ գրչի հարվածով վերացնել»։
Ըստ նրա, շատ ավելի ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար, քան գնար ու ստորագրեր կապիտուլյացիայի փաստաթուղթը։
«Այսօր Ալիևը մտնում է եթեր և ծիծաղում է բոլորիս վրա, թեև 30 տարի բանակցություններին կախ գլխով է եկել։ Շնորհիվ մեր վարչապետի, Ալիևն այսօր դարձել է ազգային հերոս։ Նա արդեն հոխորտում է հայ ժողովրդի վրա։ Արտերկրում էլ հայերը ենթարկվում են պրովոկացիայի։ Ինչպե՞ս կարելի էր նման հաղթանակները, նման փառապանծ ճանապարհը մեկ օրում վերացնել»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աջակիցների անցկացրած ակցիաներին՝ Սամվել Յահյանը նշեց՝ նրան պաշտպանելուց առաջ լավ կանեն մարդիկ Եռաբլուր գնային. անգամ զավակների դիակները ծնողներին չեն հասնում. «Դա էլ է Նիկոլի մեղքով։ Չէ՞ որ մենք 40 օր զոհեր ենք տվել, բայց այսօր նրանց 1/3-ի մասին է հրապարակվում։ Ի՞նչ է՝ մարդիկ իրավունք չունե՞ն գոնե իրենց երեխաներին հուղարկավորելու»։
Նա հավելեց, որ մինչև վերջ պայքարելու են, թեև իրենց ընկերներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան