ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ
Եվրամիությունը գտնում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Բրյուսելում տարածված ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն գտնում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման,այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, հատկապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներին:
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արագ դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին: «ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ հրադադարի ռեժիմին: ԵՄ-ն նաև կոչ է անում տարածաշրջանից արագ դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու փաստերի մասին: Դրանից հետո Բրյուսելը Անկարային կոչ էր արել չխառնվել հակամարտությանը և նպաստել դրա կարգավորմանը: