Գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն գումար ստանալ
«Գերության մեջ հայտնված զինծառայողների ընտանիքները գերության ողջ ընթացքում կշարունակեն գումար ստանալ՝ զինծառայողի պաշտոնային դրույքաչափին համապատասխան»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց իմքայլական պատգամավոր Մխիթար Հայտապետյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ համաձայն գործող օրենսդրության, գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողը ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաաժանման մեջ։ Բացի այդ, սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը՝ մնալով կադրային ստորաբաժանման մեջ։
«Բայց, ցավոք սրտի առկա է օրենսդրական բաց, և բացակայում են այն հիմքերը, ըստ որոնց, զինծառայողը՝ գերության մեջ հայտնվելու դեպքում, հնարավորություն կունենա պահպանել պաշտոնային դրույքաչափը։
Երբ պայմանագրային զինծառայողների, պահեստազորի մեր զինվորականների գերության մեջ հայտնվելը ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով չէ, այսինքն՝ պարզվում է, որ մարտական գործողությունների ընթացքում է մարդը հայտնվել գերության մեջ, և ոչ թե դիրքերն ինքնակամ լքելու ընթացքում, ապա նրանց ընտանիքները, իրենց գերեվարության ողջ ընթացքում կշարունակեն ստանալ գումար»,- մանրամասնեց Մխիթար Հայրապետյանը։
Իմքայլական պատգամավոր Նիկոլայն Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք օրենքը հետադարձ ուժ ունենալու է։
Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանն ասաց՝ այո։