Իրանն ընդգծել է Ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է Pars Today-ը՝ Irna-ին հղումով։
Նշվում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Բոնիադ Հոսեյնովը և Հայաստանի հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում առանձին հանդիպումներ են ունեցել կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնայի և Կովկասյան հարցերով մի խումբ փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բանակցել են խաղաղության հեռանկարի և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման շուրջ:
Հանդիպման ժամանակ Հեսամեդդին Աշնան, ընդգծելով Ղարաբաղյան հարցում չեզոքություն պահպանելու Իրանի դիրքորոշումը և արտատարածաշրջանային տերությունների չմիջամտելու անհրաժեշտությունը, հայ և ազերի կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները և հավատարիմ մնալ հրադադարին ու ջանքեր գործադրել հակամարտությանը վերջնական լուծում տալու համար:
Անդրադառնալով վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների փոխհատուցման և տևական զինադադարի անհրաժեշտությանը, Աշնան հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի շահերին ուղղված երկկողմ համագործակցության խորացմանն ու խաղաղության ամրապնդմանը:
Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները կարևորելով Իրանի հետ պատմամշակութային կապերը, ցանկություն են հայտնել ընդլայնել Իրանի հետ բազմակողմ հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին