Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից
ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։
Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:
Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։
Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։
Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։
Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:
ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին