Աբովյան. Այլևս փաստ է՝ այս իշխանությունը ունակ չէ ճիշտ որոշումներ ընդունելու
«Կենտրոնի բաժնում գտնվում են 15-20 բերման ենթարկված երիտասարդներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, երիտասարդներին ուղղված հիմնական մեղադրանքն այն է, որ նրանք մասնակցել են զանգվածային ակցիաների։
«Որքանով տեղյակ եմ, բերման են ենթարկվել նաև ԲՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները։ Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ սա կուսակցական պայքար չի, սա քաղաքական պրոցես չի։ Այստեղ նույնիսկ արտասահմանից ժամանած մեր քաղաքացիներից կան, որոնք մասնակցել են պատերազմին և անցել են պատերազմի թոհուբոհով։ ԱՄՆ-ից էլ մարդ կա բերման ենթարկվածների մեջ»,- ներկայացրեց պատգամավորը։
Ըստ նրա, երբ մարդիկ անընդհատ մատնանշում են ռազմական դրությունը և դրանով առկա սահմանափակումները, պետք է նաև հիշեն, որ չի կարելի պարտություն կրել և չի կարելի խայտառակել երկիրը։
Ինչ վերաբերում է Կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ապա Արման Աբովյանը վստահեցրեց, որ դրանք ոչինչ փոխել չեն կարող, քանի որ մարդիկ, որոնք այսօր հեռանում են, կատարում էին հիմնական այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ էին.
«Այստեղ ոչ թե ֆիգուրները պետք է փոխվեն, այլ հիմնական խաղացողը։ Երբ դու տեսնում ես այս ամենը, տեսնում ես, որ մարդիկ ոչ քավության նոխազ են դառնում, ինչը նաև հասարակությանը շեղելու համար է։ Հինգ-տասը հոգու փոխելով չէ, պետք է փիլիսոփայությունը փոխվի, և երկիրն էս վիճակին հասնրած գաղափարախոսության հեղինակը պետք է փոխվի»։
Անդրադառնալով Մովսես Հակոբյանի երեկվա ասուլիսին՝ Արման Աբովյանը նշեց, որ մի շարք հանցագործությունների մասին հաղորդումներ եղան։ Պատգամավորը նշեց, որ իր համար դժվար է գնահատել այդ տեղեկության իրավական մասը, բայց հաստատվեց, որ այլևս փաստ է՝ այս իշխանությունը ունակ չէ ճիշտ որոշումներ ընդունելու և ճիշտ վերլուծություններ անելու։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ հեռացիր». Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին