«Հրապարակ». Փաշինյանը գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը, ասել է՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի և ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։
Մեր տեղեկություններով, նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ և ասել՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս, չմիանաք վարչապետի անվստահությունը պահանջողներին, չլքեք թիմը։ Պատգամավորներն ասել են՝ թույլ տուր մենք ձևավորենք կառավարության կազմը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ հանձնաժողովները հիմա քննարկումների մեջ են, թե ում ներկայացնեն նախարարների թեկնածու։
Ըստ այդմ, ԱԺ առողջապահության հանձնաժողովը առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկել ԱԺ փորձագետ, գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանին, պաշտպանության հանձնաժողովը Պնախարարի համար` Անդրանիկ Քոչարյանին, իսկ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովը ԿԳՄՍ նախարար՝ Արևիկ Անափիոսյանին։
Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը հակված չէ նշանակել Անդրանիկ Քոչարյանին, Պնախարարի ամենահավանական թեկնածուն համարվում է Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ Արևիկ Անափիոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց իր նախարար նշանակվելու լուրը, բայց ասաց՝ ես տեղյակ չեմ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան