Ադրբեջանի վայրագությունների հիմքն այդ երկրի ղեկավարության կողմից հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին.
«Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:
Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:
Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը:
Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հարգանքը և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։
Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս, ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Սպարապետի եղբորորդի. Խնդրել եմ պայթեցնել Վազգեն Սարգսյանի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղավ
- Դա նորից ի ցույց է դնում խորությունն այն բարբարոսության, որին մենք առնչվում ենք․ ԱԳ նախարարը՝ հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան