Գույքս դուրս եմ բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել. Լքված Նոր Էրքեջի դպրոցի ուսուցիչ
«Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Նոր Էրքեջ գյուղում կար 33 տուն, 140 բնակիչ: Գյուղի դպրոցն ուներ 47 աշակերտ, որոնց դասավանդում էինք 14 ուսուցիչներով»,- panorama.am-ի հետ արդեն իր հիշողություններն է կիսում մի քանի օր առաջ գյուղը հարկադրաբար լքած պատմության ուսուցիչ Արամ Պետրոսյանը:
«Մեր գյուղի հիմնական բնակիչները Շահումյանից էին՝ Էրքեջ գյուղից տեղահանվածները, որոնք կրկին վերապրեցին 90-ականները և երկրորդ անգամ բռնեցին գաղթի ճանապարհը»,- նկատեց Արամ Պետրոսյանը և հավելեց, որ գյուղաբնակները իրենց հետ տարել են նաև արցախյան առաջին պատերազմում զոհված էրքեջցիների հիշատակը հավերժացնող հուշաքարը:
Նրա պատմելով, գյուղի նախկին գյուղապետը՝ Արայիկ Հովհաննիսյանը, որը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալն է, գյուղից տեղափոխել է նաև 2016 թվականին դիրքերում զոհված որդու գերեզմանը:
Պետրոսյանը հայտնեց, որ որպես բազմազավակ ընտանիք իենց հատկացված երկու բնակարանների հետ միասին մշակում էր 3000 ք/մ հողամաս, ուներ նաև 6000 ք/մ սեփականաշնորհված հող՝ բիզնես ծրագիր սկսելու համար, որն այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել:
Պետրոսյանը պատմեց, որ 2003 թվականին վերաբնակվելով գյուղում, իրենց, որպես բազմազավակ ընտանիքի, որը ուներ 6 երեխա, հատկացվել էր մեկ բնակարան, իսկ 2018 թվականին իր ավագ որդուն հատկացվել էր երկրորդ՝ նորակառույց բնակարանը, որի պետական արժեքը 25 մլն դրամ էր:
«Ամենամտահոգիչն այն է, որ մեզ պետական միջոցներով տրանսպորտ չհատկացվեց: Գույքիս մի մասը կարողացել եմ դուրս բերել բացառապես իմ միջոցներով՝ ծախսելով 300 հազար դրամ, որից 200 հազարը պարտքով եմ վերցրել»,- հայտնեց Արամը:
Նա տեղեկցրեց, որ ընդհանուր հաշվով կորցրել է երկու առանձնատուն որոնց գույքի մի մասն է կարողացել փրկել, մի մասն կարճաժամկետ բացակայության ժամանակ, երբ բեռնատար տանելու համար եկել էր Հայաստան, գողացել էին, մյուս մասն էլ թողել է գյուղում:
«Բայց տներս չայրեցի՝ ձեռքս չգնաց»,- հոգոց է հանում մեր զրուցակիցը և ցույց տալիս նորակառուց բնակարանի լուսանկարը, որն ալևս հուշ է:
Նոր Էրքեջի դպրոցի նախկին ուսուցիչը մտահոգված հայտնեց, որ ինքը և կինը, որը տեղի զորամասի խոհարարն էր, կորցրել են իրենց աշխատատեղերը և կանգնել են վերցրած վարկերը մարելու հիմնախնդրի առաջ, բանկը չի ընդառաջում:
«Բանկում ասում են, որ եթե կամավորական ես եղել, ապա զինկոմիսարիատից փաստաթուղթ կբերես, որպեսզի քո հարցը դիտարկենք, բայց ես երկու ամիս Արցախում եմ եղել, այնտեղ գտնվելու համար վարձատրվել եմ:Մեր գյուղը հենց առաջնագծի մոտ է և մշտապես զինված մարտական հերթապահություն էինք անում, քանի որ ցանկացած պահի գուղ կարող էին մտնել դիվերսիոն խմբերը: Բացի այդ թիկունքային աշխատանքներ եմ կատարել, բլինդաժների համար փայտ եմ տեղափոխել, սնունդ եմ տարել դիրքեր՝ արել եմ այն, ինչ կարողացել եմ»,- չկարողանալով թաքցնել վրդովմունքը՝ հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա տեղեկացմաբ, Նոր Էրքեջի բնակիչները ունեցել են 136 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 16 գլուխ խոզ և 147 թև ընտանի թռչուն: Գյուղի յուրաքանչյուր բնակիչ, չնայած լեռնային և անտառային տեղանքի, մշակում էր մոտ 2000 ք/մ հողատարածք, կար նաև մի քանի հեկտար վարելահող:
Պետրոսյանի խոսքով, գյուղացիների մի մասը կարողացել է իր հետ տանել անսունների որոշ մասը, բայց մեծ մասը ջրի գնով վաճառել են է Հայաստանից եկած մսավաճառներին:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր երկու ավագ դուստրերը նոր էին ամուսնացել և նմացել են Արցախում, ինքը իր 4 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ բնակվում է կենցաղային տարրական պայմաններ չունեցող բնակարանում, ունի ջեռուցման խնդրի, իսկ ձմեռն արդեն մոտենում է:
Գյուղի պատմության ուսուցիչը լավ էր տիրապետում նաև Ադրբեջանին հանձնած Շահումյանի շրջանի ժողովրդագրական տվյալներին: Նա տեղեկացրեց, որ շրջանն ուներ 15 գյուղ և մեկ քաղաք՝ Քարվաճատը: Շրջանի բնակչության թիվն անցնում էր 3500-ը: 15 գյուղերից մեկը՝ Ակնաբերդը, չի հանձնվել թշնամուն, քանի որ այն նախկինում Մարտակերտի վարչական շրջանում է ներառված եղել և այսօր էլ կմնա հայկական բնակավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին