Նիկոլ Փաշինյանի երկու սուտը. Արթուր Վանեցյան
«Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է հերթական անգամ պահել իր իշխանությունը»,- Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ա. Վանեցյանի խոսքով, Փաշինյանն ասում է՝ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար։
«Նման բան չկա։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, պայքար է մեր ապագայի համար։
Առաջիկա օրերին, երբ կանցնեն այս էյֆորիան ու սուտը, կառերեսվենք դառն իրականության հետ։ Մեզ սպասվում է լուրջ խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, որը 2,5 տարի ձախողել է բոլոր ուղղություններով, կարողանալու է լուծել այդ խնիրդները։ Ոչ»,- ասաց Ա. Վանեցյանը։
Հավաքված քաղաքացիները նույնպես արձագանքեցին՝ «Ոչ»։
«Հիմա ասում են՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը, օգտվելով առիթից, որ պարտություն ենք ունեցել պատերազմում, եկել և պահանջում են մեր հրաժարականը։ Հարգելի ժողովուրդ, հիշեցնում եմ ձեզ բոլորիդ՝ դեռևս հունվարին ես հանդես եմ եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ԲՀԿ, նույն պահանջով հանդես են եկել։ Հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժերով հրավիրել էինք հանրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ են դրա մասին մոռանում։ Մենք զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը բերելու է շատ ծանր հետևանքների մեզ համար։ Այսօր ունենք այդ հետևանքները։
Այնպես որ Նիկոլ Փաշինյանը, որ պետք է հեռանա, դա քննարկման հարց չէ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ՝ արտաքին ու ներքին լսարանի համար. «Արտաքին լսարանի համար. եթե հանկարծակի Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը հասնեն իմ հրաժարականին, ապա այն հայտարարությունը, որ ստորագրվել է, չեղարկվելու է ու պատերազմը վերսկսվելու է։
Պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք։ Մենք ասում ենք հետևյալը՝ պարտված, ստորացուցիչ հայտարարություն ստորագած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում։ Նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծումներ գտնել։
Մենք պատերազմ, իհարկե, չենք ուզում։ Ի սկզբանե չենք ուզել պատերազմ, Պատերազմ հրահրել է Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում։
Երկրորդ թեզը, որը ներքին լսարանի համար։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշիյանը՝ ես որ պարտվել եմ պատերազմը, հեչ, որ այսքան մարդ է զոհվել իմ անխելքության պատճառով, ոչինչ, բայց ժողովուրդ, եթե հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները։ Հիմա ինչ եմ ես ուզում ասել ժողովուրդ՝ դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է, մենք գալիս ենք, մենք ապագան ենք նոր դեմքերով, նոր մտքերով, նոր տեսլականով։
Այստեղ իշխանության պայքար չէ, պայքար է հանուն մեր ապագայի, հայրենիքի, որ վաղը կարողանանք ապրել նորմալ երկրում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ դուրս եկեք փողոց, ձեր ձայնը բարձրացրեք։
Իրենց հայրենիքը պաշտպանելու համար զոհված տղաները արժանի չէին նրան, որ արյան գնով գծված սահմանը մեկ ստահակ մեկ ստորագրությամբ թաքուն, առանց որևէ մեկի հետ խոսելու հանձնի։
Նիկոլ հեռացիր»,- եզրափակեց իր խոսքը Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր»՝ արձագանքեցին քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը զանգեց ինձ և Օսիպյանին ու ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին. Վանեցյանի բացահայտումը
- Փաշինյանի ապիկար կառավարման հետևանքով մենք ունեցանք պատերազմ. Արթուր Վանեցյան
- Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար. Արթուր Վանեցյանի կոչը
- Վանեցյան. Պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքներ տալ Փաշինյանին ու նրա ընտանիքին, որևէ մեկը հաշվեհարդար չի տեսնի
- «Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ և ասում՝ Փաշինյանը կրիմինալի միջոցով սպառնում է իրենց. Արթուր Վանեցյան