Ո՞ւր են մեր երեխաները, մեկը չի, 34 հոգի անհայտ կորած է, իսկ հրամանատարը՝ ողջ-առողջ եկել է
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքները Վաղարշապատի N զորամասի հսկիչ անցակետի մոտ հավաք են իրականացնում և պահանջում են տեղեկատվություն տրամադրել նույն զորամասի զինծառայողների մասին, որոնք հոկտեմբերի 21-ին մասնակցել են Կովսականի (Զանգելան) հատվածում տեղի ունեցած մարտերին։
«Ամսից ավելի է ոչ մի լուր չունենք, հարկ չեն համարում գոնե մի հատ դուռը բացեն, ասեն՝ երեխեդ կա՞, թե՞՝ չէ։ Մի բան չեն պատասխանում, չէ՞ որ իրենց աշխատողն է, իրենք են տարել։ Էսօր արդեն հարկ չեն համարում դուռ բացել ու մի պատասխան տալ։ Մինչև ե՞րբ համբերենք, էլ համբերություն չունենք»,- լացակումած ձայնով ասում է անհայտ կորած զինծառայողներից մեկի մայրը։
Մեկ ուրիշն էլ նշում է, որ զորամասից իրենց որևէ տեղեկատվություն չեն տալիս, այլ կցկտուր պատասխաններ են տալիս, ասում՝ դիմեք այն սպային, ում հետ եղել է.
«Ինչո՞ւ իմ ամուսինը կցագրված է ինչ-որ գեներալի՞։ Էն դեպքում, երբ հույս կա, որ երեխաներից, սպաներից մեկը կարող է ողջ լինել։ Ես ասում եմ, որ ամսի 21-ին իմ ամուսնու հեռախոսը եղել է ակտիվ, ինձ պատասխանում են՝ դե հույս կա, որ մի օր դուրս կգան»,- նեղրստում է հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկը։
Հավաքի մասնակիցները միաբերան նշում են՝ իրենց պահանջը նույնն է՝ ստանալ տեղեկատվոթյուն, թե ուր են իրենց երեխաներն ու ամուսինները։
«Մենք հոկտեմբերի 21-ից ոչ մի լուր չունենք։ Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ասացին, որ կապ չկա։ Լավ՝ մեկ կամ երկու օր կապ չկա։ Մի քանի օր հետո հասկացանք, որ իրենք ուղղակի գնացել և ընկել են մսաղացի տակ։ Հիմա ամսի 20-ից հետո ոչ մեկից լուր չունենք։ Ամսի 21-ից հետո մենք ամեն օր լուրի ենք սպասում, ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն՝ ուր են մեր երեխեքը, ո՞նց կարող ենք գտնել։ Հա, հասկանում ենք, որ այդ տարածքից բերել չենք կարող, բա ո՞նց անենք, մնա՞ն, հա՞։ Սովը մի կողմից, ցուրտը՝ մյուս։ Մի հոգի չի, 34 հոգի են։ Ո՞նց կարող է այդպես լինել»,- նշում է հավաքին մասնակցող քաղաքացիներից մեկ ուրիշը։
Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցնում է, որ զինծառայողները եղել են առանց զրահաբաճկոնի, առանց որևէ պաշտպանի միջոցի, գնացել են միայն մեկ ավտոմատով,120 փամփուշտով։
«Անձամբ ինձ Արսեն Աբգարյանը և Վալերիկ Քոչարյանն ասել են, որ անզոր են, չեն կարող որևէ բան անել, պետք է նախարարությանն ու Կարմի խաչին «սեղմենք»։ Մենք ամեն տեղ էլ գրել ենք։ Հրամանատարը ողջ-առողջ եկել է այնտեղից, ինչպես այս պատերազմի ընթացքում լիքը հրամանատարներ՝ առանց քերծվածքի հասել է տեղ, իսկ 18-19 տարեկանները զոհվել են»,- շեշտեց հավաքի մասնակիցներից մեկը։
Ավելի ուշ հավաքի մասնակիցներին մոտեցավ զորամասի բարձր սպայական կազմի ներկայացուցիչներից մեկը, և ներս հրավիրեց՝ հորդորելով անջատել տեսախցիկները և չնկարել զորամասի տարածքը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից, ոչ թե Ծառուկյանից
- Անհայտ կորածների ցուցակն այս պահին նվազման միտում ունի. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան