ԱԺ փոխնախագահ. Շատ լավ հասկանում ենք, թե ինչ դավաճանական գործողություններ են տեղի ունեցել
«Մեզանից շատերն այս օրերին մեծ ցավ ապրելով, սուգը սգալով՝ պատգամ ունի։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե այս օրերին ընթացքում ինչ դավաճանական գործողություններ են տեղի ունեցել»,-հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրած հանրահավաքում։
Նրա խոսքով, ապագայում հնարավորություն կլինի ողջ հայությանը տեղեկացնելու, թե ինչ պետք է արվել ու չի արվել։
«Մոնթեն հստակ միտք ու պատգամ է թողել. «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»։ Այո, պայքար պետք է նաև խաղաղ ժամանակաշրջանում, պայքար, որպեսզի կարողանանք բեկումնային փոփոխություններ մտցնել։ Ցավոք, շուրջ 2.5 տարի Հայաստանում ձևավորվեց կեղծ օրակարգ, մեզ շեղելով մեր խնդիրներից, ներկայացնելով, որ երկրի ամեակարևոր հարցերը Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներն են, պետական պաշտոնյաների մակարդակով ընտանիքի ինստիտուտն էին խարխլում, եկեղեցին էինք քննադատում։ Ի՞նչ էիք ուզում սերմանել մեր ժողովրդի մեջ»,-ասաց նա։
ԲՀԿ-ական պաշտոնյան ընդգծեց, հայ ժողովուրդը փորձություններ շատ է տեսել, միշտ էլ պատվով է դուրս եկել դրանցից, նա նաև համոզմունք հայտնեց, որ դեռ ունենալու ենք մեծագույն հաղթանակներ։
«Այսօրվա իշխանությունը, կառավարության ղեկավարը, նախարարները բարոյական ու քաղաքական իրավունք չունեն պաշտոնավարել։ Պարտված, բացթողումների մեջ թաթախված մարդիկ իրավունք չունեն պաշտոնավարելու ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու։ Հայաստանի հանարպետությւոնը երբեք ծնկի չի եկել, միշտ էլ կարողացել է ոտքի կանգնել»,-ասաց Էնֆիաջյանը։
Նա հեռակա դիմելով իշխանություններին՝ հարց ուղղեց, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներով, կեղծ գործեր սարքելով ինչի՞ են հասնելու, որքան են պառակտելու փոքր ժողովրդին։
«Պետք է հեռանաք, միավորվելու ենք, մեր միասնական նպատակները ձևակերպելու ենք ու հաջողելու ենք, թուրքը՝ մեր թշնամին այս տարածաշրջանում երբեք չի կարողանալու իր նպատականերն իրականացնել»,-ասաց նա։
Նրա խոսքով, ուղին մեկն է՝ անցնցում հեռանալ իշխանությունից։
«Հայաստանի Հանրապետությունից ոչ մի պաշտոնյա չի կարող փախնել, բոլորը, կրկնում եմ, բոլորը, ով մեղավոր է եղել, պատասխան է տալու»,-հայտարարեց Էնֆիաջյանը՝ ինչին հետևեցին ծափահարություններ ու «Նիկոլ, հեռացիր» բացականչություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ դավաճան». Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է (լրացված)
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան