«Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը որոշել է մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «Աժ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ և մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։
Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:
«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով:
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ: Այս առաջարկին կողմ է նաև ԲՀԿ-ն, սակայն ոչ իշխող խմբակցությունը, որն առհասարակ համաձայնություն չէր տալիս քննարկմանը, իսկ հիմա նիստ կլինի, սակայն նրանք դեմ կքվեարկեն։ Հավելենք, որ որոշում է կայացվել խորհրդարանում այդ նախագծի քննարկման համար ժամային սահմանափակում չանել և այն քննարկել առանց ժամային սահմանափակման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: