Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կվերածվի Սիրիայի. Արա Վարդանյան
«Պետք է ասել հետևյալը. ինչ Նիկոլ Փաշինյանը զավթել է ՀՀ իշխանությունը, Կառավարությունը բավականին հետաքրքիր ձևով է աշխատում. սկզբում բացվում է «Օվերտոնի պատուհանը», ապա դրան հաջորդում են քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտումներին՝ 44-օրյա պատերազմի մասին։
Նրա խոսքով, օրինակ,Կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան տեղեկություններ, թե Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, և արդյունքում՝ Հայաստանը պարտվելու է։ Ըստ Արա Վարդանյանի, դրանից որոշ ժամանակ անց Հայաստանը կրեց իր պատմության ամենախայտառակ պարտություններից մեկը։
«Ինչով էր խայտառակ այս պարտությունը։ Իրականության մեջ թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը բնական երևույթ են։ Բայց մի բան է, երբ պարտվում ես արդար պատերազմում, մեկ այլ բան է, երբ քո ղեկավարությունը քեզ տանում է դեպի պարտություն։ Մեր իշխանությունը Հայաստանն ու Արցախը տարավ դեպի դավադիր պարտություն։ Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված բոլոր հայտարարությունները հենց այդ մասին էին։ Եվ, ցավոք սրտի, մեր իշխանություններն արել են հնարավորը, որպեսզի մենք պարտվենք այս պատերազմում»,- շեշտեց Արա Վարդանյանը։
Ըստ բանախոսի, ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե ո՞վ է երկրի իրական վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞՝ Աննա Հակոբյանը։ Նա նշեց, այնուամենայնիվ, երկու դեպքում էլ դա դժբախտություն է.
«Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ամենը չվերջացավ միայն այս պարտությունով։ Սա սկիզբ է նոր պարտությունների, եթե այս իշխանությունը մնա։ Պետք է հասկանալ, որ ողջ աշխարհի ուշադրությունն այժմ սևեռված է Հայաստանի վրա, և ամբողջ աշխարհը հետևում է՝ արդյոք հայ ժողովուրդը կհանդուրժի այս իշխանությանը։ Սա շատ կարևոր խնդիր է։ Իհարկե, կան մարդիկ, որոնք շարունակում են սատարել Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը, բայց մենք պիտի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանին սատարելով, մենք ողջ աշխարհին շատ վատ մեսիջ ենք հղում։ Եվ այդ մեսիջը հետևյալն է. հայ ազգը պարտվող ազգ է, պարտությունը հանդուրժող ազգ է, և դրանով էլ կրկին խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհով»։
Արա Վարդանյանի խոսքով, Հայաստանն ունի միաբևեռ իշխանություն, և պետությունը ենթարկվում է մեկ ընտանիքի, ուստի Կառավարությունում ցանկացած կադրային փոփոխություն որևէ արդյունք չի բերելու, քանի որ իրական փտած համակարգը ամենավերին օղակում է։
«Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի՝ իշխանությունից հեռանալու օրերը հաշված են, բայց երևի թե էլի վատություն կա, որ իրենք պետք է այս երկրում անեն։ Մենք պետք է հասկանանք մի պարզ իրողություն՝ ժողովրդին խաբել են, բայց ցավոք, հայ ժողովուրդը վճարել է անհամեմատելի բարձր գին, քան պետք է վճարեր այդ խաբեության համար։ Մենք վճարել ենք հազարավոր կյանքերով։ Պետք է հասկանանք՝ ինչպես պահել այն, ինչ այսօր մնացել է Արցախից։
Այսօր արդեն Արցախի երաշխավորը ՌԴ-ն է, իսկ ՀՀ-ն կանգնած է շատ լուրջ վտանգի առջև՝ դառնալու Սիրիա։ Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, ես չեմ կարող բացառել, որ Հայաստանը կվերածվի Սիրիայի, և կդառնա մարտի դաշտ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մենք այսօր պետք է անենք ամենը, որպեսզի ունենանք իշխանություն, որն առաջին հերթին կկարողանա կարգավորել մեր հարաբերությունները գլխավոր խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- նշեց Արա Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ. Կարին Տոնոյան
- «Նիկոլ դավաճան». Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքն է (լրացված)
- Արա Վարդանյան. Որ իմանաք թե ում պետք է շնորհակալ լինեք Ազատ և Անկախ Հայաստան ունենալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին