Դրամի արժեզրկումը պայմանավորված է անորոշություններով՝ նաև քաղաքական վերջին իրադարձություններով. Արկադի Խաչատրյան
Արցախյան պատերազմի սկսվելուց հետո ՀՀ դրամը անշեղորեն անկում է գրանցում:
Եթե սեպտեմբրի 27-ին ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 485.32 դրամ էր, ապա նոյեմբերի 23-ին այն հասել է 503.00 դրամի, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը 509.00 դրամ է: Եվրոյի վաճառքի գինը հասել է 606.00 դրամի: Նախորդող օրվա համեմատ դոլարը թանկացել է 4 դրամով:
Դրամի արժեզրկումը չէր կարող անհետևանք մնալ, այն արդեն իր ազդեցությունն է թողնում հիմնականում ներկրվող ապրանքների գների վրա: Ներկայում շուկայում բարձրացել են առաջնային սպառման այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք են այլուրն ու կարագը: Բարձրացել է նաև հավի ձվի գները, որն անմիջական կապ ունի ներկրվող կերի արժեքի հետ:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամովր Արկադի Խաչատրյանը panorama.am-ի հետ զրույցում դրամի արժեզրկումը բացատրեց նրանով, որ Ֆինանսական շուկաները չափազանց զգայուն են ցանկացած անորոշությունների, անկայունությունների, անկանխատեսելիությունների նկատմամբ:
«Այն նախ և առաջ պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց վարքագծերով, նրանց սպասումների փոփոխություններով»,-նկատեց Արկադի Խաչատրյանը և հիշեցրեց, որ գարնանը, երբ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարվեց, ևս որոշակի տատանողականությունը գրանցվեց, դոլարի կուրսն հասավ 510 դրամի, այնուհետև աստիճանաբար նվազեց և վերադրաձավ իր նախկին մակարդակին:
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք, ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ակտիվության անկման հետ, այլև ռազմական դրությամբ պայմանավորված տնտեսական ակտիվության անկմամբ և անորոշությունների, անկանխատեսելի ռիսկերի ավելացման հետ, որը պայմանավորված է թե՛ այս իրավիճակով, թե՛ քաղաքական վերջին իրադարձություններով»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով այս ամենն առաջացնում է անորոշություններ և ռիսկեր, որոնց տնտեսվարող սուբյեկտները և քաղաքացիները արձագանքում իրենց վարքագծով՝ մի մասը սկսում է փոխանակել դրամը դոլարով, մյուս մասը այլ վարքագիծ են դրսևորում, որոնք հանգեցնում են դրամի արժեզրկմանը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է կարգավորվի իրավիճակը՝ Արկադի Խաչատրյանը շեշտեց, որ նման դեպքերում չափազանց կարևոր է քաղաքական կայունության ինչքան հնարավոր է շուտ ապահովումը, որը կնպաստի տնտեսական ակտիվության վերականգնմանը, տնտեսվարողի բիզնեսի բնականոն գործունեության վերադարձին:
Նկատելով, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է՝ Աժ հանձնաժողովի նախագահն ընդծեց, որ դրանով թիրախավորվում է գնաճը, ոչ թե դոլարի կուրսը:
«Գնաճը ներկայում կազմում է 1.5 տոկոս և մինչև տարեվերջ կհասնի 2.3-2.5 տոկոս, հետևաբար՝ գնաճի մասով անհանգստություններ այս պահին չունենք»,-հայտարարեց Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով, արտարժույթի կուրսը շատ հաճախ իր արտացոլումն է գնում ֆինանսական շուկայում, նաև անկայունություններ և գնաճային ճնշումներ կարող է ավելացնել, մասնավորապես՝ խնդիրներ ստեղծելով նաև այն մարդկանց համար, որոնց վարկերն արտարժույթով են՝ թանկացնելով նրանց վարկերի սպասարկումը: Որպես բացասական երևույթ Արկադի Խաչատրյանը հիշատակեց նաև ներկրվող ապրանքների գների թանկացումը:
Պատգամավորը նաև նկատեց, որ դրամի արժեզրկումը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում արտահանման համար:
«Մենք միշտ խոսում ենք, որ երկրի տնտեսական զարգացման համար, շատ կարևոր է, որպեսզի ունենանք արտահանմանը միտված տնտեսական աճ, ինչը նշանակում է, որ արտահանումը առաջանցիկ տեմպերով պետք է անցնի ներմուծման ծավալները և զուտ էքսպորտի աճի արդյունքում մենք կունենանք համախառն ներքին արդյունքի ավելացում: Հետևաբար՝ այս առիթը պետք է օգտագործեն արտահանմամբ զբաղվող ընկերությունները, որովհետև այն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց բիզնեսի զարգացման և արտահանման ծավալները մեծացնելու համար»,- հայտնեց Խաչատրյանը:
Բայց դրա համար, ըստ պատգամավորի, չափազանց կարևոր է որ Հայաստանի տնտեսական անորոշությունները և անկանխատեսելիությունները նվազեցվեն, միջավայրը վստահելի, կանխատեսելի և կայուն դառնա բիզնեսի համար:
«Դա անհրաժեշտ է տնտեսական ակտիվությունը մեծացնելու և տնտեսական կյանքը բնականոն հուն վերադրաձնելու համար, իսկ դրա համար չափազանց կարևոր է, որպեսզի հաստատվի հանրային համերաշխության մթնոլորտը և քաղաքական անկայունությունների միջավայրը հնարավորինս շուտ կարգավորվի»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
ԿԲ հասարակության հետ կապերի ծառայությունից panorama.am-ին հայտնեցին, որ իրենք դրամի արժեզրկման հետևանքով էական գնաճային և ֆինանսական կայունության ռիսկեր չեն տեսնում, բայց դրանց դրսևորվելու դեպքում կգործադրեն դ հակազդման իրենց մոտ եղած գործիքակազմը:
Երկրում շարունակվող համաճարակի և պատերազմի աննախադեպ բացասական հետևանքների առկայության պայմաններում ԿԲ-ն հայտնում է, որ չի պատրաստվում միջամտել արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ Հայաստանում արձանագրվում է կայուն, ցածր և կառավարելի գնաճ։
Կենտրոնական բանկը բնականոն և համաչափ է համարում դրամի արժեզրկումը և գների աճը: Վերջինիս անկառավարելիի մակարդակին հասնելու դեպքում ԿԲ-ն կօգտագործի իր հիմնական գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխությունը:
Ստեղծված իրավիճակում պարզ չէ, թե ինչքանոր է հավանական, որ ԿԲ-ն կրկին իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրուքը: Նկատենք, որ հոկտեմբերի 27-ի խորհրդի նիստում ԿԲ-ն որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4.25%-ը: Հիշեցնենք, որ վերջին անգամ այն իջեցվել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներին դիմակայելու նպատակով:
Այն դեպքում, երբ պատերազմում Հայստանի և Արցախի տնտեսություններին հասցվեց աննախադեպ մեծ հարված, ռազմական գործողություններում ներդրվեցին մեծ ծավալի ռեսուրսներ, իսկ կորոնավիրուսի համճարակը շարունակվում է՝ միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե ինչքանով են համարժեք ճգնաժամի խորացման դեմ պետության իրականացրած քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան