Փաշինյանը որոշել է հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:
Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա և՛ գերեվարված զինվորականների, և՛ քաղաքացիական անձանց, և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա և այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես, գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:
«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել և ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ և ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
- Անհետ կորած զինվորների ծնողներին Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զայրացրեց
- Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված անձանց անուններ
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
- Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է բռնի անհետացած անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը
- Ստանում եմ հավաստի տեղեկություններ Արցախից հայերի անհետանալու դեպքերի մասին. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում