Fitch-ը հետ է կանչել Երևան քաղաքի վարկանիշերը
Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները՝ «B+», քանի որ էմիտենտը որոշում է կայացրել դադարեցնել մասնակցությունը վարկանիշային գործընթացին: «Արմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ ։
«Այսպիսով՝ գործակալությունը այլևս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշներին աջակցելու համար: Համապատասխանաբար, Fitch - ն այլևս Երևան քաղաքի վերաբերյալ վերլուծություն չի իրականացնում՝ ներառյալ բնապահպանական, սոցիալական և կառավարման գործոնների (ESG) համապատասխանության սքորինգային միավորները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ նշված է, որ վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով ՝ սխալ կամ ոչ բավարար տեղեկատվության տրամադրում:
Նշենք, որ վերջին անգամ Fitch Ratings գործակալությունը վերանայել էր Երևան քաղաքի վարկանիշները 2020թ. հոկտեմբերին՝ իջեցնելով Երևան քաղաքի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթներով «BB -» - ից մինչև «B+»՝ «կայուն» կանխատեսմամբ: Երևանի վարկանիշի նվազումը հետևել է Հայաստանի սուվերեն վարկանիշների նույն գործողությանը:
Մասնավորապես, Fitch-ը Հայաստանի վարկանիշները իջեցրել է «B+» մակարդակի ՝ կանխատեսելով «կայուն»՝ պայմանավորելով ավելի լուրջ, քան սպասվում էր, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ և վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների սրմամբ:
Երևան քաղաքում Fitch-ի վարկանշային հաջորդ վերանայման ամսաթիվը 2020թ. նոյեմբերի 20-ն էր, սակայն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ վարկանշային գործընթացին մասնակցությունը դադարեցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան