Գեղամ Մանուկյան. Փաշինյանն ամեն ինչ անում է վարչապետական աթոռը պահպանելու համար, զոհաբերության է պատրաստ բոլորին
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որն անժամկետ հացադուլ է հայտարարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, լրագրողների հետ զրույցում համաշխարհային պրակտիկայում հացադուլների օրինակների բերեց։ Նա ընդգծեց, որ եթե, օրինակ, այլ դեպքերում այդպես պայքարում էին օտարների դեմ, ապա ինքը հացադուլ է անում մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով։
«Անցնող մոտ մեկ տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր եղան, որին մասնակից էի նաև ես։ Հասարակության, քաղաքական ուժերի, գիտական շրջանակների կողմից պահանջը մեկն է՝ վարչապետը պետք է հրաժարական տա, որը միայնակ, գաղտագողի ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ՝ սկսած բանակ, կառավարություն, քաղաքական շրջանակներ։
Իր ապաշնորհ գործունեությամբ, 2,5 տարվա ընթացքում փլուզել է արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, դաշնակցի հետ, նաև այլ երկրների հետ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական փիառի, անձի, նեղ շրջանակի մասին, կազմալուծել է Հայաստանի կառավարաման ողջ համակարգը, որի արդյունքը տեսանք անցնող երկու ամիսներին, երբ չէր գործում պետական կառավարման համակարգը»,- ասաց Գ. Մանուկյանը։
Նա նշեց՝ վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքեր պատերազմի տարբեր փուլերում, որի մասին հայտնի էր, խորհուրդ էին տալիս պարբերաբար, լոկ սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան, և ի վերջո մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամուն։
«Նա օր առաջ պետք է գնա։ Չի կարող Հայաստանն ունենա զարգացում, չի կարող որևէ դիվանագիտական գործունեություն ծավալել հատկապես արցախյան հարցում, հավանական բանակցային պրոցեսում, փորձել քայլեր իրականացնել, դիվանագիտություն գործադրել, որը հնարավորություն կտա այդ ստորագրված հայտարարության շրջանակներում անգամ ձեռք բերել ինչ որ բան, կորցրածից ինչ-որ բան ետ բերել, նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,- ասաց ՀՅԴական գործիչը։
Գ.Մանուկյանի խոսքով, անցնող տաս օրերին պարզ դարձավ, որ նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, ամեն ինչ անել միայն վարչապետական աթոռը պահպանելու համար, զոհաբերության է պատրաստ բոլորին, իր շրջապատից բոլորին, միայն թե կառավարության շենքում շարունակի մնալ։
Նա ասաց, որ արդեն 1 ժամ է կառավարության դիմաց իրենց ընկերներից Գարիկ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել։
«Ես միանում եմ նրա հացադուլին՝ հայտարարելով անժամկետ հացադուլ։ Սա վերջին փորձն է իմ կողմից որպես Հայաստանի շարքային քաղաքացի Գեղամ Մանուկյան»,- ասաց նա։
Գ. Մանուկյանը իր հացադուլն անելու է կառավարության շենքի դիմաց։ Նա կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է շարունակվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին