Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանից փոխհատուցում ստանալու նպատակով Ադրբեջանի կատարած քայլերին:
Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։ Այսպիսի նախաձեռնությունը առավելապես տրամաբանական կլիներ Արցախի և Հայաստանի պարագայում։
Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած (անգամ էական նախնական քայլեր չեն ձեռնարկվել) սուբյեկտն ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» հնագույն հնարքը, սակայն այս ամենը մատչելի ու համոզիչ, նախ, միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնել է պետք։ Իսկ միջազգային հանրությունը, եթե իներտ է պատերազմները կանխելու և դադարեցնելու հարցում, ապա անչափ հետևողական ու բարեխիղճ է բոլոր այն հարցերում, որոնք «եկամուտ» են խոստանում։
Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։
Առայժմ, տեսնում ենք ՄԻՊ֊-ի անասելի ծանր աշխատանքը՝ պատերազմի հանցագործությունների և դաժանությունների արձանագրման, փաստաթղթավորման ու համակարգման ասպեկտով, ինչի համար մեր խորին շնորհակալությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր համեստ հնարավորությունների շրջանակում անդուլ գործում է պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Բայց ծանրակշիռ, համակարգված և հստակ ուրվագծված աշխատանք կարող են տանել միայն հանրային իշխանության մարմինները ....»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան