Սուրեն Սարգսյան. Պաչիկները, փուչիկները, գուլպաներն արտաքին քաղաքականության մեջ չեն աշխատում
«Կադրային փոփոխությունները ոչ այլ ինչ են, քան հանրության ուշադրությունն այլ ուղղությամբ շեղելու փորձեր: Չի հաջողվելու, հանրությունն այլ բան է պահանջում»,-«Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո. արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Ըստ նրա, պաշտպանության, արտաքին գործերի, մյուս նախարարների փոփոխությունը կոսմետիկ է, չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների, ձևավորված իրողությունների վրա, որոնք այսօր կան երկրում:
«Այն գործողությունները, որոնք որ վարչապետն իրականացնում է, հանրության ցանկությունները չեն բավարարում: Մեր երկրում ծայրահեղ լարված իրավիճակ է, նման լարվածություն, ատելության, երկփողկվածության մթնոլորտ մեր պետության պատմության մեջ չեմ հիշում ոչ 2008-ին, ոչ 1999-ին, ոչ 1998-ին: Կոսմետիկ փոփոխություններ որևէ տեղ չեն տանելու: Այն մարդկանց, որոնց փոխել են, արել են այն, ինչ փոփոխողը հանձնարարել է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում պետք է լուրջ փոփոխություններ իրականացնել ամեն ուղղությամբ՝ սկսած ներքին ու արտաքին քաղաքականությունից:
«Արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ: Պաչիկները, փուչիկները, գուլպաներն արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չեն տալիս, չեն աշխատում: Ինչքան էլ կարող ես օտարերկրյա պետության ղեկավարի հետ փաթաթվել, նվեր տալ, պաչիկ անել, պրագմատիկ քաղաքականության մեջ չի աշխատում: Գլոբալ փոփոխությունների ժամանակն է եկել, տնտեսական մոդելից սկսած մինչև արտաքին քաղաքականության մոդել: Վերջին 2,5 տարում ոչ մի ուղղությամբ որևէ ռազմավարության չի մշակվել ոչ հարևանների հետ
աշխատանքում, ոչ ազգային անվտանգության ռազմավարությունն է բանի պետք:
Այդպես էլ չկարողացանք մեր հարաբերությունները կարգավորել մեր ռազմավարական դաշնակցի հետ, նորմալ հարաբերություններ ունենալ Իրանի, Վրաստանի հետ: Վերջին 2,5 տարիները եղել են գլոբալ բացթողումների, տապալումների տարիներ: Կարծում եմ՝ այս ամենի կուլմինացիան այն էր, ինչ տեղի ունեցավ, ինչը երևի 1915 թվականց հետո տեղի չէր ունեցել, ամենաողբերգական բանն է տեղի ունեցել պատմության մեջ: Չենք գիտակցում ինչ ենք կորցել, ինչ ենք նվիրել»,- ասաց քաղաքագետը:
Քննարկմանը ներկա տարածաշրջանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ պետք է պետությունն ամրացնել, բանակաշինության լուրջ ծրագրեր իրականացնել, զարգացնել տնտեսությունը՝ հիմնված գիտության վրա, քանի որ պարզ չէ, թե ինչ կարող է լինելու 2-3 տարուց:
«Պարզ չէ, թե ինչ է լինելու տարիներ անց: Պուտինից հետո միգուցե այնպիսի ղեկավար լինի, որոշի խաղաղապահ զորքերը դուրս հանի: Ի՞նչ ենք անելու այդ դեպքում: Այն երաշխիքը, որ կա այսօր, կարող է մի քանի տարուց չլինի»,- ասաց նա:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ սպավում է մեծագույն տնտեսական ճգնաժամ, սակայն այդ ուղղությամբ քննարկում չկա:
«Չգիտեմ՝ ինչպես ենք այս ամեն ինչի տակից դուրս գալու: Նույն Ցեղասպանության բարոյահոգեբանության ապրումն ապրեցինք:
Պետք է պատրաստվեք կարևոր ու արագ եկող տարբեր փոփոխությունների: Ժամանակ չունենք»,- նշեց Թ. Պողոսյանը՝ հիշեցնելով՝ ցանկանում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն
- Ջոնի Մելիքյան. Միգուցե Վրաստանը ՌԴ-ի հետ սկսի հարաբերությունների նոր փուլ
- Պետք է արագ պատրաստվենք հաջորդ պատերազմին, իսկ մենք զբաղված ենք այլ խնդիրներով. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան