Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու վայրեր. ավագանու անդամ
«Մենք պարտվել էինք այն ժամանակ, երբ ապաստարանները դարձրել էինք ուտելու և փող աշխատելու, շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր, ավելի շատ ուտելու և ավելի շատ փող աշխատելու օբյեկտներ»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանից տարիներ շարունակ ներկայացվել են փաստաթղթեր, ըստ որոնց, երևանցիների գրեթե 90 տոկոսը ապահովված է թաքստոցներով և ցանկացած տագնապի դեպքում նրանք պաշտպանված են ռմբակոծությունից:
Աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ Արման Անտոնյանը պարզել է, որ նկարված թվերով փաստաթղթերը նաև այս պատերազմական իրավիճակում են ներկայացվել համապատասխան պետական գերատեսչությանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ անհիմն թվերով փաստաթղթեր ներկայացրած պաշտոնյաները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության, քանի որ նրանց նկարած թվերն ուղիղ կապ ունեն մարդկանց կյանքի հետ:
Ըստ նրա, մենք շարունակում ենք պարտվել, քանի որ այդ մարդիկ մինչ օրս չեն կրել պատասխանատվություն հանրության առաջ:
«Այդ ապաստարանները ե՞րբ և չգիտես ինչպե՞ս սեփականաշնորհվեցին, չգիտես ո՞ւմ թեթև ձեռքով և մտքով որոշվեց, որ դրանք մեզ այլևս պետք չեն գա»,- հարց հնչեցրեց ավագանու անդամը և նկատեց, որ դրանք կարող էին պետք չգալ, եթե կա մարտունակ, մինչև ատամները զինված բանակ և գերզարգացած պետություն:
Նա լրագրողներին կոչ արեց հարցումով պարզել, թե քանի՞ քաղաքացի գիտի տագնապի ազդանշանի դեպքում որտեղ պետք է պատսպարվի:
Նկատելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել՝ ավագանու անդամը Երևանի գործադիր մարմնին կոչ արեց վերանայել այս քաղաքականությունը և կրպակներից մաքրել մետրոյի մուտքերն ու անցումները, ինչը խանգարում է պատսպարման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը
- Երևանի Ավագանին ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացրեց Ստեփանակերտի վերականգնմանը
- Երևանի ավագանու երկու անդամ լքեց «Իմ քայլը» խմբակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան