«Մեր նամակն այսօր կլինի Մոսկվայում՝ Կառավարության սեղանին». անհետ կորածի հարազատ
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներից մի քանիսը հանդիպել են ՌԴ դեսպանատան դեպարտամենտի ղեկավարի հետ։
«Մենք փոխանցել ենք բոլորիս նամակ-խնդրանքը։ Մեր առաջին խնդրանքն այն է, որ ՌԴ-ն զբաղվի մեր ցավով։ Ինքը կարդաց և ասաց, որ այդ նամակին հենց հիմա ընթացք են տալու, դա փոխանցելու են ՌԴ դեսպանին։ Եվ այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում այդ նամակը, որն ուղղված է Վլադիմիր Պուտինին և ՌԴ-ին, լինելու է Մոսկվայում՝ Կառավարության սեղանին։ Եվ իրենք անելու են ամեն ինչ, որ մեզ աջակցեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Եղիշե Զակունցը։
Նա տեղեկացրեց՝ իրենք ՌԴ դեսպանատան դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ կան ծնողներ, որոնք տեսանյութերում տեսել են իրենց զոհված երեխաներին.
«Ինքն ասաց, որ այդ ծնողներին փոխանցեմ Ռուսաստանի ցավակցությունները»։
Ինչ վերաբերում է գերիներին, ապա Եղիշե Զակունցը հայտնեց, որ ռուսական կողմը ասել է՝ այդ հարցով զբաղվում են։
«Մենք մի քանի անգամ նշել ենք՝ մեր խնդրանքն է, որ ՌԴ-ն ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա, որպեսզի խաղաղապահ զորքերին թողնեն ներս՝ փնտրելու համար զոհվածների մարմինները։ Իրենք մինչև հիմա ամեն ինչի մասին ԶԼՄ-ներից են իմացել, բայց հիմա հենց պետական մասշտաբով կզբաղվեն հարցով։ Այսօր այդ նամակը կլինի ՌԴ-ում»,- շեշտեց նա։
Եղիշե Զակունցը վստահեցրեց, որ հավասարապես խոսվել է և՛ անհետ կորած, և՛ զոհված զինծառայողների դիերի տեղափոխման, և՛ գերիների խնդրի մասին.
«Ես էլ եմ շեշտել, որ ծնողները չեն կարողանում ստանալ դիերը»։
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ անհետ կորածի հարազատն ասաց՝ պետք է բոլոր ծնողները միասին որոշեն՝ ինչ անել։
«Մենք թողել ենք հեռախոսահամար, որ մեզ հետ հետադարձ կապ ապահովվի»,- ասաց Եղիշե Զակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողի մայր. Կառավարությունում ասացին, աշխատում են
- Տեղի է ունենում վարչապետի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
- Սպասվում է վարչապետի հանդիպումը ՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին