Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի համար հացադուլը ծայրահեղ քայլ է, սակայն պատրաստ է մեռնել արդարության հասնելու համար:
«Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելը»,- լրագրողներին ասաց Կիմ Բալայանը, որը միացել է կառավարության դիմաց երեկվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ սկսած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին և Գարիկ Ավետիսյանին:
«Ես գտնում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր Սահմանադրական դատարան, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար Ազգային ժողով և այնտեղ այն վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևապես տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը պարտավոր են քրգործ հարուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել:
Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել և հետևապես տա իր հրաժարականը: Այսինքն հրաժարական կարող է արդեն չտալ, որովհետև նախնական կալանքի վերցնելու պարագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»:
Կիմ Բալայանն ասաց, որ դրանից հետո թե ԱԺ-ն ում վարչապետ կնշանակի, ինչպես առաջ կշարժվի, բոլորովին այլ հարց է:
«Եթե քաղաքական տեսանկյունից վերցնենք, միանշանակ է, որ չի կարող կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը այսօր բանակցային գործընթացի մեջ մտնի: Եթե վերցնեք հայտարարությունը, կտեսնեք, որ նույն հայտարարության մի շարք կետեր այսօր ոտնահարվում են: Ինչի՞ պետք է ադրբեջանցի փախստականները գան, իսկ մեր փախստականները մնան օդում կախված: Որտե՞ղ է դա գրված, նման կետ կա՞: Ոչ, բայց դուք տեսնում եք, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
- Փաշինյանն առաջին մի քանի օրը չի էլ խոսել ՌԴ նախագահի հետ, ասել է՝ «մունաթի տակ չմնամ». Մանուկյան
- Ավետիք Իշխանյան. Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը
- Գեղամ Մանուկյան. Փաշինյանն ամեն ինչ անում է վարչապետական աթոռը պահպանելու համար, զոհաբերության է պատրաստ բոլորին
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան