Ֆրանսիայի Սենատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը
Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։
Քվեարկությանը մասնակցել էր 306 պատգամավոր, որից 305-ը կողմ և մեկ դեմ։
Հիշեցնենք, որ բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ։
Կառավարությանը կոչ է անում զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել բնակչության անհապաղ պաշտպանություն, պահանջում միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, և միջազգային օրենսդրությամբ արգելված զենքի օգտագործման միջոցով կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։
Այն կառավարությանը կոչ է անում ամեն ինչ անել, որպեսզի ապահովվեն քննարկումները` հակամարտության բանակցային և տևական կարգավորման ուղղությամբ՝ Մինսկի խմբի շրջանակներում, ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան