Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր կքննարկի ու քվեարկության կներկայացնի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Այն ստորագրել են Սենատի ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները։ Բանաձևի նախագիծը ներկայացրել են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կանները, Հերվե Մարսեյը, Էլիան Ասսասսին ու Գիյոմ Գոնտաղը։
Նախագծում ասվում է, որ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմապատկել է իր սադրանքներ, ահաբեկումները և սպառնալիքները Ֆրանսիայի, Եվրոպայի և այլ երկրների հասցեին,
հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարած ծավալապաշտական քաղաքականությունը Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր և Միջին Արևելքում և այժմ Հարավային Կովկասում ապակայունացման հիմնական գործոն է և քանի որ նման ապակայունացումը սպառնալիք է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար,
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծավալվում է աշխարհի հատկապես անկայուն երկու տարածաշրջանների՝ Կովկասի և Մերձավոր Արևելքի սահմաններում, և որ այն նաև իր մեջ պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ էսկալացիայի ռիսկ,
հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում է: Ավելին, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակի օժանդակ, գործողությունների թատրոնում տեղակայել է վարձկանների, որոնք ծառայել են Սիրիայում ջիհադիստական խմբերում,
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվում էր Ադրբեջանի վարչակազմի տակ, բազմիցս ենթարկվել է կազմակերպված կոտորածների, մասնավորապես Սումգաթում (1988 թ. փետրվարի 25-27), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19) և Մարաղայում (1992 թ. ապրիլի 10),
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն են նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար. հաշվի առնելով, ավելին, դրա չեզոքության մշտական դիրքը և հակամարտության կարգավորման փուլերով բանակցային գործընթացին նպաստելու կամքը ` հաշվի առնելով նաև, որ այս գործընթացը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելու պատճառով՝
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցներին այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից ի վեր իրականացված պատերազմական գործողությունների արդյունքում:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ կառավարությանը զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ և օգտագործել բոլոր հնարավոր ուղիները։
Կոչ է անում կառավարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել բնակչության անհապաղ պաշտպանություն` համաձայն 2007 թ. Խաղաղության ծրագրի առաջարկությունների։
Կոչ է անում Կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, և միջազգային օրենսդրությամբ արգելված զենքի օգտագործման միջոցով կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։
Կոչ է անում Կառավարությանը՝ ամեն ինչ անել, որպեսզի ապահովվեն քննարկումները` հակամարտության բանակցային և տևական կարգավորման ուղղությամբ, ապահովելով 1994 թ. սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը կարող է առանց հապաղման վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահն է Ֆրանսիան։
Կոչ է անում Կառավարությանը՝ ուշադրություն հրավիրել Թուրքիայի իշխանությունների կողմից խաղացած դերի բոլոր դիվանագիտական հետևանքների վրա և եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենահարմար և խիստ պատասխանները։
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ կառավարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան