Բոլորի մոտ կար ընկճվածություն, քանի որ չէին սպասում՝ այսպիսի ցավալի, ստորացուցիչ պայմանագիր կարող էր կնքվել. Գարիկ Ավետիսյան
«Բոլորիս միակ պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որ կարողանանք այս կարճ ժամանակում հայրենիքի կոտրված ողնաշարը ուղղել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը, որը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի և ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ կառավարւթյան մոտ արդեն երկու օր է հացադուլ է անում։
Նա նշեց, որ ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ եղել է առաջնագծում, ռազմաճակատի հյուսիս-արևելյան հատվածում և Նիկոլ Փաշինյանի հայտարարած դասալքության դեպքերի ականատես չի եղել: Գարիկ Ավետիսյանը չբացառեց, որ նման դեպքեր եղել են, քանի որ մոբի գործողությունները շատ անկազմակերպ են եղել, նման խմբերի հետ անգամ սպա չի եղել, որ նրանց ուղեկցի իրենց տեղակայման վայրեր։
«Երկու օր առաջ են վաշտի տղաները վերադարձել դիրքերից, մարտական ոգին լավ էր, բայց բոլորի մոտ կար ընկճվածություն, քանի որ չէին սպասում, որ այսպիսի ցավալի, ստորացուցիչ պայմանագիր կարող էր կնքվել»,- հայտնեց Գարիկ Ավետիսյանը:
Ազատամարտիկի խոսքով, իրենց պայքարը հանուն իշխանության չէ, այլ՝ հայրենիքի փրկության համար: