Անցումային փուլն ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվեց
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր բաժնի պետը նամակ է հղել նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընին այն մասին, որ բաժինը պատրաստ է սկսել նախագահական պաշտոնական անցումը: Սա տեղի ունեցավ նախագահական ընտրությունների արդյունքը Թրամփի կողմից մի քանի շաբաթ վիճարկվելուց հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել բաժնի պետին ու հրահանգել է «անել անհրաժեշտը` պաշտոնական նախնական քայլերն իրականացնելու համար»: Սակայն նա միևնույն ժամանակ ասել է. «Մեր գործը դեռևս անկոտրում կերպով շարունակվում է: Մենք շարունակելու են արժանի պայքարը և հավատում եմ, որ հաղթելու ենք»:
Իսկ հունվարի քսանից նախագահի պաշտոնը ստանձնելու գործին պատրաստ, Ջո Բայդընը սկսել է հայտարարել ազգային անվտանգության ծառայության և արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուների մասին: Այս պաշտոններում Բայդընի ընտրած թեկնածուների նկատմամբ իր աջակցությունն է հայտնել նախկին նախագահ Բարաք Օբաման, հիշեցնելով, որ այդ անձանցից մի քանիսն աշխատել են իր վարչակազմում:
Այնպես որ, նախագահական անցումային փուլը սկսված է պաշտոնապես:
Իսկ ո՞րն է համարվում անցումային փուլ: Դա նախագահական ընտրություններից հետո մինչև երդմնակալության օրն ընկած ժամանակահատվածն է, երբ նախագահի պաշտոնում ընտրվածը հավաքում է նոր վարչակազմը ու նախապատրաստում դաշնային նոր կառավարությունը: Այստեղ ավարտվում է նախընտրական թիմի գործունեությունը և իր աշխատանքներն է սկսում իրականացնել անցումային թիմը: Այն կազմում է ծրագրեր ու նոր վարչակազմի առաջին օրերի ռազմավարությունը:
Այս ընթացքում պետք է որոշվի, թե ինչպես են նախըտնրական արշավի ժամանակ տրված խոստումները վերածվելու քաղաքականության, ինչից է պետք սկսել և ինչով ավարտել, արդյոք հարկավոր են կասեցնել նախորդ նախագահի սկսած գործողությունները, թե ոչ: Անցումային թիմին կառավարությունը հատկացնում է գրասենյակներ ու հատկացնում բյուջե: Նաև մասնավոր դոնորներն ունեն մինչև 5000 դոլարի հատկացումներ կատարելու իրավունք: Անցումային թիմին տրվում է 11 շաբաթ ժամանակ:
Անկախ նրանից, թե այս ընթացքում անցումային թիմը կարողանում է կատարել իր առջև դրված պարտականությունները, թե ոչ, նախագահը հունվարի 20-ին տալիս է երդում: