Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական. Սեմյոն Պեգով
«Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «WarGonzo»-ի հեղինակ Սեմյոն Պեգովը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր տպավորությունները։
Նրա խոսքով, այնտեղ որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում.
«Սկզբից մտել էին դիվերսանտները, նրանցից ոմանք հայկական զինվորական համազգեստով էին, կարողանում էին շփվել հայերենով: Հետո դուրս բերվեց մոբիլիզացված զորքը: Քաղաքը մաքրում էին Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինները, որպեսզի այդ խառնաշփոթում չսպանեին սեփական զինվորներին։ Ինչպես նշեցի, հակառակորդը Արցախի պաշտպանության բանակի համազգեստով էր: Դա ավելի շատ նման էր հակաահաբեկչական գործողության»։
Այնուամենայնիվ, Սեմյոն Պեգովը վստահեցրեց, որ Հադրութի հանձնումը եղել է ավելի ուշ, քան դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա պնդմամբ, քաղաքն Ադրբեջանի հսկողության տակ է անցել այդ հայտարարությունից առնվազն 10 օր հետո։
«Ալիևի հայտարարությունից հետո երեք անգամ ես եղել եմ Հադրութում»,- ասաց ռազմական լրագրողը։
Նա հավելեց նաև, որ հայկական կողմը թերագնահատել է հակառակորդի՝ առաջին հերթին տեխնիկական հնարավորությունները:
«Պատերազմը հաղթել են օդում: Բացի այդ, գաղտնիք չէ, որ առանձին փուլերում տեղի է ունեցել ՀՕՊ միջոցների տեղակայման մասին տվյալների արտահոսք, որոնք փաստացի ոչնչացվել են պատերազմի առաջին օրերին: Անձնուրացության մասով ՊԲ-ի անձնակազմին ուղղված որևէ հարց չի կարող լինել»,- շեշտեց Պեգովը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
- Դու հասկանում էիր, որ կյանքի ու մահի մեջտեղում ես, և ոչինչ քեզնից կախված չէ. Սեմյոն Պեգովը՝ Արցախյան պատերազմի մասին