Համբերություն և ժամանակ՝ կփորձենք ոտքի կանգնեցնել մեր բոլոր վիրավոր զինվորներին. «Հայրենիքի պաշտպանի» բժշկուհի
«Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում այս պահին բուժում է ստանում պատերազմի ընթացքում վիրավորված 120 զինվոր։ Կենտրոնն ունի նաև արտագնա ծառայություն, երբ վերականգնողական բուժումը կենտրոնի մասնագետները սկսում են տարբեր կլինիկաների վերակենդանացման բաժանմունքներից։
Panorama.am-ի հետ զրույցում «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող-բժիշկ Լուսինե Պողոսյանն ասաց, որ շատ կարևոր է ու ամեն ինչ արվում է չկորցնելու վերականգնողական բուժման ոսկե ժամանահակատվածը, այդ պատճառով իրենց վերականգնող բժիշկները բոլոր նեղ մասնագետների հետ սկսում են բուժումը տարբեր կլինիկաների հենց ռեանիմացիոն բաժանմունքից, որպեսզի կարողանան հետևել ընթացքին, կայունությունից հետո տեղափոխել արդեն իրենց կենտրոն։
Նա ընդգծեց՝ այս պատերազմի զենքերը շատ սարսափելի են, վիրավորումները հիմնականում բազմաբեկորային ու պոլիտրավմաներ են՝ խոցված ներքին օրգանների հետ։
«Այսինքն, պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն հենաշարժական ապարատի համակարգի խնդիրներն են լինում, այլ նաև ներքին օրգանների հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Համակցվածությունը շատ ճիշտ պետք է գնահատել, ճիշտ ժամանակին կարողանալ կատարել վերականգնողական բուժումը»,- ասաց բժշկուհին։
Ըստ Լ. Պողոսյանի, իրենց կենտրոն հիմնականում ընդունվում են ծանրագույն վիրավորումներով զինվորները։
«Կենտրոնական նյարդային համակարգի վիրավորումների դեպքում՝ ողնուղեղային, գլխուղեղային, շատ դժվար և երկարատև բուժում է հարկավոր պացիենտին ոտքի հանելու համար։ Իհարկե, օրթոպետիկ միկրովիրաբուժական խնդիրներից հետո ևս ունենք շատ զինվորներ, բայց նեյրովերականգնողական բուժումը հիմնականում այստեղ է, որ կարող ենք կիրառել ու ոտքի կանգնեցնել մեր տղաներին»,- ասաց կենտրոնի գլխավոր վերականգնող-բժիշկը։
Լ. Պողոսյանը պատմեց, որ կան զինվորներ, որոնք արդեն բուժումն ավարտել ու դուրս են գրվել. «Մեր վերակենդանացման բաժանմունքի բժիշկները գոհունակությամբ են նշում, որ տղան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում ծանր խնդիրներով, բայց հիմա արդեն քայլելով վերադարձավ տուն։ Նման խնդիրների դեպքում շատ ժամանակ երկար ամիսներ, տարիներ են անհրաժեշտ բուժման համար։ Եւ մենք ճիշտ ժամանակին ճիշտ բուժում ենք անում, իրոք, ոտքի ենք հանում զինվորին»։
Բժշկուհու ներկայացմամբ, ունեն դեպքեր, դեռ վաղ է ասել՝ իրենք անվաթոռից կկանգնեն, թե ոչ, քանի որ ողնուղեղի ծանր վնասվածքի դեպքերի ժամանակ նվազագույնը 6 ամիս է պետք, որպեսզի հասկանան՝ ինչքանով ի զորու է վերականգնել մարմինը։
Լ. Պողոսյանն ասաց, որ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները նաև մարտի դաշտում են շատ զինվորների կյանքեր փրկել՝ ցույց տալով առաջին օգնություն. «Մարտի դաշտից իրենք ոտքի են հանում։ Բուժումը սկզբից մինչև վերջ տարվում է»։
Բժշկուհին նաև կոչով, խնդրանքով դիմեց վիրավոր զինվորների ծնողներին, որոնք, նրա գնահատմամբ, հոգեբանական ծանր վիճակում են գտնվում։
«Հասկանում ենք՝ ծնողների մոտ խուճապային իրավիճակ է, հոգեբանորեն շատ ծանր է թե ծնողի, թե զինվորի համար։ Բայց այս պահին ավելի շատ ծնողներն են հոգեբանական ծանր վիճակում գտնվում։ Խնդրում եմ, կոչ եմ անում լինել համբերատար, չմատնվել խուճապի, քանի որ ցանկացած զինվոր, ով գտնվում է այստեղ, ապահով է։ Բոլոր հարցերը լուծում ենք, աջակցում ենք նաև տան անդամներին։ Համբերություն և ժամանակ՝ մենք կփորձենք ոտքի կանգնեցնել մեր բոլոր տղաներին»,- ասաց «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող-բժիշկ Լուսինե Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան