Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին։
Կառավարության դիմաց օրերն անցկացնող Գեղամ Մանուկյանը Վանեցյանի հետ զրույցում անկեղծացավ՝ ամենաահավորը անհետ կորածների խնդիրն է։
«Արդեն գժվում եմ»,- ասաց Մանուկյանը։
Կիմ Բալայանի հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշեց.
«Ծայրահեղ քայլի եք գնացեք։ Ոչինչ չունեմ ասելու։ Բոլորս Ձեզ տոկունություն ենք մաղթում։ Պինդ եղեք, մինչև հասկանանք, տեսնենք, ինչ ենք անելու»։
«Ես կարծում եմ, որ մեր հայրենիքն այնպիսի վիճակում է, որ մենք այլ ելք չունենք։ Այլ ծայրահեղ քայլեր էլ կգնամ, որովհետև մենք շարունակում ենք հայրենիք կորցնելը»,- ասաց ՍԴ նախկին անդամը։
«Այո, մեր հանրությունը պետք է հասկանա ու քնից արթնանա։ Հասկանա, որ երկուսուկես տարի մանիպուլյատիվ կերպով խաբել են մեր հանրությանը, մանիպուլացրել են հասարակական կարծիքը, ինչի հետևանքով ունեցանք, այս արհավիրքը»,- ի պատասխան ասաց Վանեցյանը։
«Ես համաձայն եմ Ձեր փաստարկների հետ, բայց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ հանձինս Հայաստանի գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչև հիմա սահմանադրական կարգի տապալման մեղադրանք չի առաջադրում Նիկոլ Փաշինյանին»,- հարց հնչեցրեց Կիմ Բալայանը։
Ի պատասխան Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնեց, եթե իրավապահ համակարգի որևէ ներկայացուցիչ ի պաշտոնե փորձի նման բան անել, ապա Փաշինյանը կսկսի գոռալ, թե նախկիններն իրեն ուզում են պատժել։
«Նիկոլն ի՞նչ է արել։ Հոգեբանորեն մարդկանց մեջ մտցրել է խղճի զգացում իր անձի նկատմամբ, ինքը միշտ մեղք է։ Էն որ ասեց՝ նախապատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ ոչ մեկ չէր պատրաստվում նման բան անել։ Տարան ինձ մեկ օր նստացրեցին, ոչ մի ապացույց չբերեցին, արդեն 7-8 օր անցել է, որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Այսինքն, նպատակը խղճահարություն առաջացնելն էր, որ եկան կառավարությունը գրավեն, առանձնատունը գրավեցին, հիմա էլ ուզում են խեղճին սպանեն։ Էս մարդը չի հասկացել, որ ինքն էլ ընդդիմություն չի, պետք է դառնա պետականամետ, պետություն սիրող ու հարգող մարդ, պետության կարիքներով ապրող մարդ, խաբում է անընդհատ։ Արդեն ամոթ է, մենք հասարակությանը չենք կարողանում հասկացնել։ Ամեն ինչ բերում են մի կետի՝ պաշտոնի կռիվ են անում։ Պարոն Բալայան, Դուք ծայրահեղ քայլի եք դիմել, պաշտոնի՞ կռիվ եք անում, Գեղամը պաշտոնի կռիվ է անում»,- ասաց նա։
Կիմ Բալայանն արձագանքեց՝ թոշակի անցնելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, չի ընդունել։
«Ես Ձեր ասածը ձևակերպեմ մեկ նախադասությամբ, Նիկոլ Փաշինյանը չի վերադարձել իրատեսական կյանք։ Նա պոպուլիստական կյանքի մեջ է, այդպես է ճնշում։ Ինչ վերաբերում է այն վիճակին, որը ստեղծվել է, բոլորս ունենք մեր մեղքի բաժինը։ Ժողովրդին պետք է ասենք՝ իրականում սխալվել ենք։ Եթե հիշում եք, 2018-ի մայիսի 2-ին, երբ պետք է քվեարկություն լիներ, ինձ հրավիրել էին Հ1, որպեսզի բացատրեի, թե ինչ կարգով պետք է լինի վարչապետի նշանակումը։ Երբ հարց տվեցին, թե պարոն Բալայանն, ի՞նչ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանին չընտրեն վարչապետ, ես պատասխանեցի՝ Աստված չանի, եթե չընտրեն։ Իմ մտահոգությունը մի բան էր, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի, հայը հայի արյուն չթափի։ Բայց այսօր միանշանակ պետք է ասեմ, որ այս նույն ժողովուրդը ասում է, դու մեզ տվեցիր 5 հազար զոհ, կրճատեցիր մի ամբողջ սերունդ, տապալեցիր ամբողջությամբ ներքին ու արտաքին քաղաքականությունը, մեկուսացրեցիր մեր պետությանը միջազգային հարաբերություններում, և համոզմունքն այն է, որ ինչքան շուտ նա հրաժարական տա, այնքան կշահի մեր ժողովուրդը։ Ի վերջո, պետք է գա մի մարդ, որ կարող է միջազգային արենայում մեր արժանապատվությունը պահի։ Չկա մի հայ, որ այսօր կորցրած չլինի իր հպարտությունը։ Ձեզ բարի ճանապարհ։ Քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց իրավական ճանապարհով ես պետք է գնամ»։
Հարակից հրապարակումներ`
- Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին
- Ավետիք Իշխանյան. Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հյուծվի, հասնի մահվան դուռը
- Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան