Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն
Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» դեբյուտային ֆիլմի շուրջ ծագած քաղաքական շահարկումներին։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Կաննի և Տալլինի «Սև գիշերներ» փառատոններն իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին և դատապարտել Ադրբեջանի մշակույթի նախարարության կոչերը, որոնք միտված են ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն։ Տալլինյան փառատոնի կազմակերպիչները դրական են արտահայտվել ֆիլմի մասին, նշելով, որ այն պոետիկ ֆիլմ է ազատության և երազանքի մասին, զերծ է ատելության և բռնության կոչերից։ Իսկ Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն գրել է․ «Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս, այն գեղեցիկ բնապատկերների, ժողովրդի և հույսի մասին է։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել և հասկանալ այդ ամենը, և սա է կինոյի դերը»։
Տալլինի փառատոնում Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2021թ․ հունվարի 20-ին։
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։
Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի