Դու հասկանում էիր, որ կյանքի ու մահի մեջտեղում ես, և ոչինչ քեզնից կախված չէ. Սեմյոն Պեգովը՝ Արցախյան պատերազմի մասին
«Ես Արցախում եղել էի նաև նախքան պատերազմի մեկնարկը, քանի որ մասնագիտական հետաքրքրություն ունեմ չճանաչված պետությունների հանդեպ։ Այս ժամանակ մեկնել էի Արցախ ֆիլմ նկարելու համար...։ Եվ երբ սկսվեց պատերազմը, ժամանակ չկար որևէ բանակցության, ես միանգամից մեկնեցի Արցախ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «WarGonzo»-ի հեղինակ Սեմյոն Պեգովը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր տպավորությունները։
Նրա խոսքով, պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանցիներ, որոնք իր հասցեին տարբեր սպառնալինքներ են գրել, և եղել են նաև մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել ապահովել իր մուտքը նաև ադրբեջանական կողմ, բայց ոչ առաջնագիծ, իսկ ինքը պատասխանել է. «Այս առաջարկը կարող է մեզ համար հետաքրքիր լինել միայն այն դեպքում, երբ մենք ստանանք հասանելիություն նաև դեպի առաջնագիծ»։
Ըստ Սեմյոն Պեգովի, ինքը պատրաստ է եղել թղթակից ունենալ Ադրբեջանում, բայց իրենց առաջարկին որևէ պատասխան չի եղել։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը որևէ լրագրողի թույլ չի տվել լինել առաջնագծում. պատերազմի ողջ ընթացքի վերաբերյալ 2-3 ռեպորտաժ է եղել առաջնագծից, որոնցից մեկը թուրքական ԶԼՄ-ի կողմից, մյուսը «Եվրանյուզի»։ Իսկ ադրբեջանական կողմի պատրաստած տեսանյութերը ֆրոնտից չէին, դրանք շոու-ռեպորտաժներ էին։
«Ինձ համար հասկանալի չէր թղթակից ուղարկելը Բաքու, որը պետք է միայն մամուլի ասուլիսներին հետևեր, քանի որ այդ ասուլիսներին կարելի էր ցանկացած տեղից հետևել։ Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, ինձ՝ որպես տեռորիստ ներկայացնելը, իմ նկատմամբ հետապնդումները ինձ համար անհասկանալի են»,- նշեց նա։
Սեմյոն Պեգովը խոստովանեց՝ այսպիսի պատերազմ դեռ չէր տեսել, իր գործունեության ողջ ընթացքում չէր հանդիպել որևէ դեպքի, որ քաղաքների դեմ նման ծավալով զինտեխնիկա աշխատեր։
«Երբ դու գտնվում ես Ստեփանակերտում, և հասկանում ես, որ բացարձակ ոչնչից ապահովագրված չես, կասետային «Սմերչը» կարող է ամեն վայրկյան ու ամեն տեղ պայթել, դու չես հասկանում անգամ որտեղ պետք է պատսպարվես, պետք է իջնես ապաստարա՞ն, թե բլինդաժ կա։ ...Դու գտնվում էիր մայրաքաղաքում, ու հանկարծ կողքիդ պայթում էր կասետային ռումբ, կամ գործում էր ավիացիան..., քաղաքի ցանկացած հատվածում կարող էր ռումբ պայթել»,- մանրամասնեց նա։
Ըստ Սեմյոն Պետգովի, երբ դեռ հնարավոր չէր փակել Արցախի օդը, իսրայելական և թուրքական ԱԹՍ-ները բավականին լուրջ աշխատանք էին կատարում.
«Դու այդ պահին հասկանում էիր, որ կյանքի ու մահի մեջտեղում ես, և ոչինչ քեզնից կախված չէ։ Նման պատերազմ, երբ շփման ամբողջ գծով օգտագործվում էին և՛ տրադիցիոն տեխնիկաներ, և՛ նման ծավալով ԱԹՍ-ներ, ես չէի տեսել»։
Հարակից հրապարակումներ`
- WarGonzo. Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը, գյուղացիները պայքարում են սեփական ուժերով
- «Wargonzo»-ն փակագծեր է բացում
- Ստեփանակերտը հրթիռակոծվել է նաև թուրքական հրթիռային համակարգերից. WarGonzo
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան